Դատախազության կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 43 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրային ծառայության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքների ընդունումը, դրանից բխող՝ պետական մարմիններում կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման սկզբունքորեն նոր մոտեցումները պայմանավորում են Հայաստանի Հանրապետության դատախազության՝ որպես սահմանադրական մարմնի նոր կանոնադրության ընդունումը:

Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատախազությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով վերապահված լիազորությունների պատշաճ և առավելագույնս արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատանքների պատշաճ կազմակերպման հանրային ակնկալիքների առկայությունը, դատախազության տարբեր ստորաբաժանումներին վերապահված գործառույթների հստակեցումը, անհրաժեշտ է սույն կանոնադրության մեջ հստակորեն մատնանշել Հայաստանի Հանրապետության դատախազության սահմանադրական լիազորություններից բխող գործառույթները:

Իրականացվող դատաիրավական բարեփոխումների համատեքստում Հայաստանի Հանրապետության դատախազության բարեփոխումների տեսլականը, ի թիվս այլնի, հիմնված է Հայաստանի Հանրապետության դատախազության ստորաբաժանումների՝ ըստ հանցատեսակների մասնագիտացումն առավելագույնս խորացնելու և դրանով պայմանավորված՝ դատախազական գործառույթների արդյունավետությունը ավելի բարձրացնելու սկզբունքի վրա: Հարկ է արձանագրել, որ դատախազության՝ որպես պետական մարմնի գործունեությանը վերաբերող միջազգային-իրավական փաստաթղթերում ևս դատախազների մասնագիտացման անհրաժեշտությունը մշտապես նշվել է որպես դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտ պայման: Մասնավորապես, Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (Consultative Council of European Prosecutors) 2014թ. դեկտեմբերի 17-ի՝ «Դատախազների վերաբերյալ եվրոպական նորմերը և սկզբունքները» թիվ 9 խորհրդատվական կարծիքի 119-րդ կետում, 2016թ. նոյեմբերի 18-ի՝ «Դատախազական աշխատանքի որակի և արդյունավետության վերաբերյալ, ներառյալ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը» թիվ 11 կարծիքի 27-րդ և 54-րդ կետերում հստակ մատնանշված է, որ դատախազների մասնագիտացման անհրաժեշտությունը, նաև դատախազության կազմակերպական կառուցվածքում, անհրաժեշտ է դիտարկել որպես առաջնահերթություն՝ դատախազների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հանցավորության տարբեր դրսևորումներին պատշաճ արձագանքելու համար: Այս ամենով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել նաև որոշակիորեն փոփոխելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ցանկը` ըստ հանցատեսակների դատախազների մասնագիտացումը առավել բարձրացնելու նպատակով:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է առանձին հանցատեսակների աճի տենդենցների, բացահայտման, նախականխման աշխատանքների բարելավման անհրաժեշտության մասին՝ հիմքում դնելով պատճառների, պայմանների, օրինաչափությունների մասնագիտացված խոր ուսումնասիրությունների արդյունքները:

Բացի այդ, էապես կարևորվում է նաև քրեական հետապնդման բոլոր մարմինների կողմից առանձին հանցատեսակներով քրեաիրավական միասնական մոտեցումների ամրապնդումը:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասի 8-րդ կետը, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը և 30-րդ հոդվածի 3-րդ մասը՝

                                                              Հ ր ա մ ա յ ու մ   ե մ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 29-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 43 հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչությունը, հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչությունը, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչությունը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը լուծարել (գործունեությունը դադարեցնել):

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն:

5. Քարտուղարությունից բաժանման ձևով ստեղծել ներքոնշյալ բաժինները.

 Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանն աջակցող բաժին,
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին,

8) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին,

9) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանն աջակցող բաժին,

10) Պետական շահերի պաշտպանության վարչությանն աջակցող բաժին,

11) Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությանն աջակցող բաժին,

12) Միջազգային-իրավական համագործակցության վարչությանն աջակցող բաժին,

13) Ընդհանուր բաժին,

14) Արխիվի բաժին:

6. Հայաստանի Հանրապետության դատախազության կազմակերպամեթոդական բաժինը վերակազմավորել որպես կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությանն աջակցող բաժին:

7. Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել որպես Հայաստանի Հանրապետության դատախազության անձնակազմի կառավարման վարչություն:

8. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

9. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը հաստատելու մասին» 2008թ. սեպտեմբերի 20-ի N 59 հրամանը համապատասխանեցնել սույն հրամանի հավելվածին:

10. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

11. Սույն հրամանի պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերին և ավագ դատախազներին, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին և ավագ դատախազին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականներին ու օգնականներին, Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարին:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

 ՀԱՎԵԼՎԱԾ

  Հայաստանի Հանրապետության

գլխավոր դատախազի 2019 թվականի

 սեպտեմբերի       N      հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ