84. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կատարված հանցագործությունների, պետության շահերի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, օրինականության խախտումների մասին դիմումների, բողոքների և առաջարկությունների (այսուհետ՝ դիմում), պետական մարմինների պաշտոնատար անձանց գրագրության քննարկմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնակարգի համաձայն:
85. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ստացված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նրանց իրավունքների ու ազատությունների խախտման վերաբերյալ դիմումների քննարկման կարգն իրականացվում է համապատասխան միջազգային պայմանագրերով:
86. Դիմումները կարող են լինել անհատական, այսինքն` տրված լինեն անձամբ այն քաղաքացու կողմից, որի իրավունքները խախտվել են, կամ նրա ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացու խնդրանքով` հասարակական կազմակերպության կամ այն կազմակերպության կողմից, որտեղ աշխատում է տվյալ անձը: Դիմում տալու քաղաքացիների իրավունքը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:
87. Իր կամ այլ անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի վերականգնման, դատախազության գործունեությունը քննադատող` դատախազություն դիմում ներկայացնելու պատճառով քաղաքացու հետապնդումն արգելվում է:
88. Դիմումներն ընդունելու, հաշվառելու, գրանցելու, դրանցով հսկողական վարույթներ կազմելու, ձևակերպելու, բազմացնելու, համակարգելու և պահպանելու, ինչպես նաև դրանց կատարումը վերահսկելու կարգը սահմանվում է սույն կանոնակարգով և գլխավոր դատախազի այլ իրավական ակտերով:
89. Իր դիմումի քննարկումը դադարեցնելու մասին քաղաքացու գրավոր դիմումը կամ գրավոր հայտարարությունը դատախազին իրավունք է տալիս դադարեցնելու հետագա ստուգումը, եթե ստացված նյութերում չկան օրենքի խախտման մասին այնպիսի տվյալներ, որոնք դատախազական լիազորությունների կիրառում են պահանջում:
90. Սույն կանոնակարգում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) պետական մարմինների պաշտոնատար անձանց գրագրություն` պաշտոնատար անձի գրավոր շարադրված գրությունը, առաջարկությունը, հարցումը, բողոքը կամ միջնորդությունը.
2) առաջարկություն` օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարելագործման, հասարակական հարաբերությունների զարգացման, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում պետության և հասարակության գործունեության բարելավման վերաբերյալ դիմումատուի նկատառումը.
3) դիմում` իր սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ այլ անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցելու մասին քաղաքացու խնդրանքը կամ օրենքի և այլ նորմատիվ ակտերի խախտման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքում թերությունների մասին հաղորդումը կամ նշված պաշտոնատար անձանց գործունեության քննադատությունը.
4) բողոք` իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի կամ այլ անձանց ազատությունների և օրինական շահերի վերականգնման կամ պաշտպանության, ինչպես նաև պաշտոնատար անձանց գործողությունը կամ անգործությունը վերացնելու վերաբերյալ քաղաքացու խնդրանքը.
5) միջնորդություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում որոշակի կարգավիճակի, իրավունքների և ազատությունների ճանաչման մասին գրավոր ձևով շարադրված դիմումատուի խնդրանքը.
6) կոլեկտիվ դիմում` երկու և ավելի անձանց դիմումը, ինչպես նաև ցույցի, հանրահավաքի ժամանակ ընդունված դիմումը, որը ստորագրված է ցույցի, հանրահավաքի կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից.
7) պաշտոնատար անձ` անձ, որը մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իրականացնում է հանրային ծառայության համակարգում ընդգրկված որևէ պաշտոնին առնչվող լիազորություններ, կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ.
8) դիմումի կրկնօրինակ` դիմումատուի դիմումը, որը նախորդ դիմումի պատճենն է, կամ նույն հարցով և միևնույն անձի շահերից բխող դիմումի մեկ այլ օրինակը.
9) կրկնակի դիմում` միևնույն հարցի վերաբերյալ նույն անձից ստացված դիմումը, որում`
ա. բողոքարկվում է դատախազությունում ստացված նախորդ դիմումին տրված ընթացքը.
բ. հաղորդվում է նախորդ դիմումը ոչ ժամանակին քննարկելու մասին, եթե այն ստանալու պահից լրացել է քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և իրավական այլ ակտերով նախատեսված ժամկետը.
գ. նշվում են նախորդ դիմումի քննարկման և լուծման ժամանակ թույլ տրված թերությունները.
10) պետական մարմինների հարցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ ընդունված հարցումն այն հարցերի շուրջ, որոնք դատախազության իրավասության շրջանակներում են.
11) իրավասու պաշտոնատար անձի հարցում` օրենքի խախտումների վերաբերյալ գլխավոր դատախազին ուղարկված պատշաճ ձևակերպված փաստաթուղթ, որը պարունակում է դրանք վերացնելու առաջարկություններ.
12) իրավասու պաշտոնատար անձի գրություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից դատախազությանն ուղարկված փաստաթուղթ, որը հաղորդում է պարունակում օրենքի խախտումների մասին, ինչպես նաև ոչ որպես հարցում ձևակերպված խնդրանք՝ տրամադրելու իրենց գործունեության հետ կապված տեղեկություններ, տվյալներ և փաստաթղթեր.
13) հանրագիր` Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.
91. Սույն գլխի դրույթները տարածվում են ընդունելության ժամանակ, փոստով (այդ թվում՝ դատախազության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված), էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգով, հեռահաղորդակցման այլ միջոցներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների վերաբերյալ բանավոր կամ գրավոր ստացված դիմումների (գրագրության) նկատմամբ:
92. Գրավոր դիմումը (գրագրությունը) ենթակա է պարտադիր գրանցման` դատախազությունում ստացվելու պահից՝ մեկ օրվա ընթացքում:
93. Դատախազությունում հանցագործության մասին հաղորդումներն ընդունվում են քրեադատավարական նորմերին համապատասխան:
94. Քննիչի և հետաքննության մարմնի վարույթում քննվող քրեական գործերի քննության հետ կապված գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքները, ինչպես նաև դատարանի դատավճիռների, վճիռների և որոշումների դեմ բերված բողոքները ստուգվում են դատավարական նորմերին համապատասխան:
95. Քննիչի և հետաքննության մարմնի վարույթում քննվող քրեական գործերի քննության հետ կապված գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքները քննարկվում են քրեադատավարական նորմերին համապատասխան։ Դատարանի կայացրած վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ բողոքներ ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի են առնվում ինչպես նյութական, այնպես էլ դատավարական նորմերի պահանջները, այդ թվում նաև՝ դրանց մեկնաբանման վերաբերյալ Եվրոպական դատարանի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումները։
96. Սույն կարգով և գլխավոր դատախազի այլ իրավական ակտերով քննարկվում են նաև զանգվածային լրատվության միջոցների ուղարկած դիմումները:
97. Քաղաքացու, պաշտոնատար կամ այլ անձի գրավոր դիմումը պետք է պարունակի՝
1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
2) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
3) դատախազության անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
4) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).
5) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
6) դիմումը գրելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը (բացառությամբ դատախազության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված դիմումների):
98. Եթե դիմումը հանձնվում է ներկայացուցչի միջոցով, ապա վերջինս պետք է ունենա oրենքով uահմանված կարգով տրված լիազորագիր:
99. Դատախազությունում անձանց ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, սույն կարգի իմաստով, համարվում է դիմում, եթե դրանում առկա են սույն կանոնակարգի 97-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները:
100. Եթե դիմումը դիմումատուի մասին սույն կանոնակարգի 97-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ կամ 7-րդ ենթակետերով նախատեսված տվյալներ չի պարունակում, ապա այն թողնվում է անհետևանք, որի մասին կազմվում է համապատասխան տեղեկանք:
101. Նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող դիմումն ուղարկվում է համապատասխան մարմնին` ըստ ենթակայության:
102. Այն դիմումները, որոնք չունեն լուծման համար բավարար տվյալներ, եռօրյա ժամկետում վերադարձվում են դիմումատուին` չբավարարող տվյալները լրացնելու առաջարկությամբ, միաժամանակ պարզաբանելով, թե ում է անհրաժեշտ դրա համար դիմել: Դիմումատուի կողմից՝ առաջարկվող լրացմամբ դիմումի կրկին ներկայացման դեպքում, այն քննարկվում է սույն կարգին համապատասխան՝ որպես առաջին անգամ ստացված:
103. Քննարկման ընթացքում առանց դիմումատուի համաձայնության չի թույլատրվում հրապարակել դիմումի (գրագրության) բովանդակությունը, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալները: Տվյալների հրապարակում չի համարվում գրավոր դիմումի ուղարկումն այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի իրավասության մեջ է մտնում դիմումում բարձրացված հարցերի լուծումը:
104. Եթե գրավոր դիմումի տեքստը ընթեռնելի չէ, ապա այդ մասին եռօրյա ժամկետում հայտնվում է դիմումի հեղինակին, եթե նրա անունը, ազգանունը և հասցեն հնարավոր է կարդալ:
105. Եթե դիմումը պարունակում է անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի կյանքին, առողջությանը կամ գույքին ուղղված սպառնալիքներ, ապա դիմումը թողնվում է առանց պատասխանի, ինչի մասին հնգօրյա ժամկետում հայտնվում է դիմումատուին` նշելով իրավունքը չարաշահելու անթույլատրելիության մասին:
Եթե սույն կետում նշված դիմումը պարունակում է առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ապա դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով դիմումն ուղարկվում է ըստ ենթակայության:
106. Դիմումը կարող է թողնվել առանց պատասխանի, եթե այն զուրկ է տրամաբանությունից և իմաստից, կամ ստուգման նյութերում առկա է հոգեկան հիվանդության հետևանքով դիմումատուին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը:
Դիմումն առանց լուծման թողնելու դեպքում դատախազն այդ մասին կազմում է տեղեկանք:
107. Դիմումն առանց պատասխանի թողնելու հարցը լուծում են ստորաբաժանման կամ դատախազությունների ղեկավարները, կամ նրանց համաձայնությամբ՝ ստորադաս դատախազները:
108. Եթե դիմումում (գրագրությունում) բարձրացված հարցերին ըստ էության պատասխան տալ հնարավոր չէ առանց պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելու, ապա դիմումատուին հաղորդվում է իր դիմումում բարձրացված հարցին ըստ էության պատասխան տալու անհնարինության մասին` նշված տվյալները հրապարակելու անթույլատրելիության պատճառաբանությամբ:
109. Դիմումի (գրագրության) լրիվ, օբյեկտիվ և ժամանակին քննարկման համար պատասխանատվություն են կրում ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները:
110. Յուրաքանչյուր դիմումի (գրագրության) առնչությամբ՝ ստորաբաժանումների և դատախազությունների կողմից, վարույթ ընդունելուց հետո իրականացվում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
1) ընդունվում է վարույթ.
2) վարույթը դադարեցվում է (թողնվում է առանց պատասխանի).
3) լուծման համար ուղարկվում է այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն.
4) լուծման համար ուղարկվում է այլ մարմիններ.
5) կցվում է ավելի վաղ ներկայացված դիմումին.
6) վերադարձվում է դիմողին
7) տրվել է պատասխան:
111. Ստացված դիմումի փաստական հանգամանքները ստուգելու նպատակով, ելնելով նպատակահարմարությունից, այն կարող է ուղարկվել դատախազության համակարգի այլ իրավասու ստորաբաժանում կամ դատախազություն՝ այդ մասին ծանուցելով դիմումատուին:
112. Գլխավոր դատախազությունում ստացված և դատախազության կազմում գտնվող այլ դատախազություն ուղարկված այն դիմումները, որոնցով ստացվել են կրկնակի դիմումներ, ուղարկվում են համապատասխան դատախազություն՝ քննարկման արդյունքների մասին գլխավոր դատախազությանը հայտնելու մասին համապատասխան հանձնարարությամբ, իսկ նույն պահանջով կրկին դիմում ստանալու դեպքում այն քննարկվում է համապատասխան ստորաբաժանումում:
113. Եթե դիմումի քննարկումը վերապահված է դատախազության համակարգի մի քանի դատախազությունների իրավասությանը, ապա եռօրյա ժամկետում դիմումի պատճենն ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում կամ դատախազություն՝ ուղեկցական գրության մեջ նշելով կատարման, արդյունքների ամփոփման և հարցի վերջնական լուծման համար պատասխանատու պաշտոնատար անձին:
114. Այլ մարմինների կամ այլ դատախազության լուծման ենթակա դիմումը, գրանցման պահից եռօրյա ժամկետում, ուղարկվում է ըստ պատկանելության՝ միաժամանակ այդ մասին հայտնելով դիմումատուին:
115. Գրագրության վերահասցեագրումով ուղեկցական նամակները ստորագրում են ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները:
116. Դիմումը` քննարկման համար այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պաշտոնատար անձի ուղարկելիս, անհրաժեշտության դեպքում, այդ մարմնից կամ պաշտոնատար անձից կարող են պահանջվել դիմումի քննարկման արդյունքների մասին նյութեր կամ փաստաթղթեր:
117. Արգելվում է քննարկման համար դիմումն ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, բացառությամբ վերադասության կարգով կամ կարգապահական վարույթ իրականացնելու համար իրավասու ստորաբաժանմանը դիմումը քննարկման ուղարկելու հնարավորության դեպքի:
118. Գլխավոր դատախազությունում նախնական քննարկումից հետո, գլխավոր դատախազին զեկուցվում են`
1) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և փոխվարչապետների, Ազգային ժողովի նախագահի և պատգամավորների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Սահմանադրական և վճռաբեկ դատարանների նախագահների, Մարդու իրավունքների պաշտպանի, բարձրագույն դատական խորհրդի նախագահի, նախարարների, ինքնավար մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը ենթակա պետական մարմինների ղեկավարների գրագրությունները,
2) գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները և գրագրությունը, որոնցում բողոքարկվում են դատախազության աշխատողների գործողությունները և անգործությունը, ինչպես նաև նրանք, որոնք պարունակում են տեղեկություններ դատախազության աշխատակցի թույլ տված չարաշահումների, իրավախախտումների կամ վարքագծի կանոնների մասին,
3) Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և այլ մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց թույլ տված՝ կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ իրավախախտումների փաստերով այլ անձանց գրագրությունը և դիմումները:
119. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից ստացված՝ «անձամբ» նշագրմամբ ծրարները փակ վիճակում փոխանցվում են գլխավոր դատախազին:
120. Գլխավոր դատախազի տեղակալին, ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարներին զեկույցի համար ներկայացվում են համապատասխանաբար իրենց իրավասությանն առնչվող դիմումները և գրագրությունը՝ բացառությամբ սույն կարգի 118-րդ և 119-րդ կետերով նախատեսվածի:
121. Սխալ նշագրման դեպքում, դիմումը՝ իրավասու ղեկավարի մակագրությամբ, իսկ տարաձայնության դեպքում` դատախազի տեղակալի ցուցումով, ստացման պահից եռօրյա ժամկետում, փոխանցվում է այն ստորաբաժանմանը կամ դատախազությանը, որի իրավասությանը վերապահված է դրա լուծումը:
122. Դատախազությունում մուտք եղած դիմումի կամ գրագրության կապակցությամբ համապատասխան դատախազության կողմից, ըստ անհրաժեշտության, ձևակերպվում են հսկողական քարտեր: Հանձնարարությունը մեկ այլ դատախազի փոխանցելու դեպքում հսկողական քարտի վրա կատարվում է համապատասխան նշում:
123. Գլխավոր դատախազությունում քարտի առաջին օրինակը դիմումի հետ փոխանցվում է այն ստորաբաժանմանը, որին հանձնարարված է դրա լուծումը, իսկ երկրորդը` վարչությանը:
124. Դիմումի կամ գրագրության լուծման ընթացակարգը, որն ապահովում է դրանցում արծարծված խնդիրների առավել համակողմանի, անկողմնակալ և արագ լուծումը, որոշվում է դատախազության համակարգի համապատասխան ղեկավար պաշտոնատար անձի կողմից:
125. Ստուգումների ամբողջականությունը և անկողմնակալությունն ապահովելու նպատակով կարող են ներգրավվել մասնագետներ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դիմումատուները:
126. Դիմումի ուսումնասիրման ընթացքում դիմումատուն իրավունք ունի ներկայացնելու հավելյալ փաստաթղթեր և նյութեր, կամ դիմել` դրանք պահանջելու մասին խնդրանքով:
127. Սույն կարգի 118-րդ և 119-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց գրագրությունները վերջնական լուծում են ստանում անմիջականորեն գլխավոր դատախազությունում:
128. Արգելվում է դիմումը կամ գրագրությունը հասցեագրել դրանց լուծման լիազորություններ չունեցող կամ ավելի վաղ դրանց վերաբերյալ վիճելի որոշումներ կայացրած դատախազներին, ինչպես նաև այն դատախազներին, որոնց գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են:
129. Դիմումում կամ գրագրությունում ներկայացված փաստարկների վերաբերյալ ստուգումներ անցկացնելու մասին հանձնարարականները ստորադաս դատախազներին տրվում են համապատասխան ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարների կողմից, նշվում են ստուգման ենթակա ճշգրիտ տվյալները և դրանց կատարման ժամկետները:
130. Եթե դատախազը չի կարողացել սահմանված ժամկետում լուծում տալ դիմումին կամ գրագրությանը, ապա ժամկետը լրանալուց 5 օր առաջ ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացնում հանձնարարական տված վերադաս դատախազին՝ նշելով ժամկետի խախտման պատճառները:
131. Ուսումնասիրելով միջնորդության մեջ նշված պատճառները՝ իրավասու պաշտոնատար անձը հնարավորինս սեղմ ժամկետում որոշում է ընդունում դրանք օբյեկտիվ համարելու և սահմանված ժամկետը ողջամիտ ժամկետով երկարացնելու մասին, կամ, ժամկետի երկարացման հետ միաժամանակ, հարցի լուծումը հանձնարարում է այլ դատախազի, կամ մերժում է ժամկետի երկարացումը:
132. Ստորաբաժանումների կամ դատախազությունների ղեկավարները, վերադաս դատախազի հանձնարարականը կատարելիս, հանձնարարականի կատարման մասին տեղեկությանը կցում են նաև ստուգման նյութերը, դատախազական լիազորությունների կիրառման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հսկողական վարույթները:
133. Անհրաժեշտության դեպքում, ստորադաս դատախազներին կարող են հանձնարարականներ տրվել լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին` նշելով ստուգման ենթակա ճշգրիտ խնդիրները և ժամկետները, սակայն այդ դեպքում վերջնական որոշումը կայացնում է հանձնարարական տված դատախազը:
134. Դիմումների ուսումնասիրման և լուծման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան անձանցից սահմանված կարգով պահանջվում են փաստաթղթեր և բացատրություններ:
135. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրագրությունները, որպես կանոն, լուծվում են համապատասխան ստուգումների և նյութերի ուսումնասիրության միջոցով, որի արդյունքում կազմվում է պատճառաբանված եզրակացություն կամ կարծիք: Եզրակացությունը կամ կարծիքը հաստատվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:
136. Դիմումատուի հետ թղթակցությունը դադարեցվում է, եթե դիմումի մեջ նոր փաստեր չեն ներկայացվում, իսկ նախորդ դիմումների պատասխանները լիարժեք են, անկողմնակալ, բազմիցս (2 և ավելի անգամ) ստուգվել են և պատասխաններ են տրվել սույն կարգով նախատեսված դատախազության իրավասու պաշտոնատար անձի կողմից:
137. Թղթակցությունը դադարեցվում է դիմումն ուսումնասիրողի պատճառաբանված եզրակացության հիման վրա, որը հաստատվել է գլխավոր դատախազի տեղակալը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազություններում՝ համապատասխան դատախազությունների ղեկավարները:
138. Դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել հետևյալ որոշումներից մեկը.
1) «բավարարված է», որը նշանակում է, որ կիրառված են միջոցներ` դիմումատուի իրավունքների լիարժեք կամ մասնակի վերականգնման համար.
2) «բավարարված է կրկնակի դիմումը», այն դիմումի վերաբերյալ, որում բողոքարկվում է դատախազի որոշումը՝ ավելի վաղ տրված դիմումի բավարարման վերաբերյալ.
3) «մերժել», եթե դիմումի մեջ ներառված պահանջները ճանաչվում են անհիմն.
4) «պարզաբանված է», այն դիմումի վերաբերյալ, որում որևէ պահանջ կամ միջնորդություն առաջադրված չէ, որի կապակցությամբ իրավական բնույթի պարզաբանումներ են տրվել կամ որում, թեև, պահանջ առաջադրված է, սակայն քաղաքացուն տրվել է տեղեկություն դրա կատարման և ընթացքում գտնվելու վերաբերյալ.
5) «ընդունված է այլ որոշում», երբ դիմումը լուծված չէ, կցված է քրեական գործերի նյութերին (հսկողական վարույթ).
6) «ուղարկված է», երբ եռօրյա ժամկետում դիմումն ուղարկվել է այլ ստորաբաժանում, դատախազություն կամ այլ գերատեսչություն` ըստ պատկանելության:
139. Դիմումները կամ գրագրությունը լուծելիս` փաստերը, որոնք ուժի մեջ են մտել դատարանի վճռի կամ որոշման հիման վրա, կրկնակի ապացուցման կարիք չունեն, եթե նոր երևան եկած հանգամանքներ չեն բացահայտվել:
140. Դիմումատուին` իր խնդրանքով, կարող է հնարավորություն տրվել ծանոթանալու դիմումի ուսումնասիրման հետ կապված փաստաթղթերին և նյութերին, եթե դա չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները, կամ, եթե նյութերը և փաստաթղթերը չեն պարունակում պետական կամ օրենքով պաշտպանվող գաղտնի այլ տեղեկություն:
141. Դիմումատուին՝ փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն տալու գրավոր որոշում կարող են ընդունել գլխավոր դատախազը, գլխավոր դատախազի տեղակալը, ստորաբաժանման կամ դատախազության ղեկավարը:
142. Դատախազության աշխատողը դիմումատուին ծանոթացնելով փաստաթղթերին՝ այդ մասին կազմում և հսկողական վարույթին է կցում տեղեկանք՝ նշելով ծանոթացված նյութերի և փաստաթղթերի անվանումները:
143. Դիմումներն ու գրագրությունն ուսումնասիրվում և լուծում են ստանում դատախազությունում գրանցվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
144. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրագրությունները` կախված դրանց ծավալից, նշանակությունից և բարդության աստիճանից, ուսումնասիրվում ու լուծում են ստանում գրանցման օրվանից մինչև 15, իսկ առանձին դեպքերում՝ 30 օրվա ընթացքում կամ գրագրության հեղինակի հետ համաձայնեցված ժամկետում:
145. Այն գրագրությունները, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են այլ ժամկետներ, կամ սահմանված է կոնկրետ կատարման ժամկետ, ուսումնասիրվում և լուծում են ստանում համապատասխան ժամկետում:
146. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և այլ մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց գրագրությունը, ինչպես նաև հատկապես կարևոր հարցերով հատուկ հսկողության տակ վերցված դիմումները, ուսումնասիրվում և լուծում են ստանում հնարավոր սեղմ ժամկետում, եթե գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կամ ստորաբաժանումների ղեկավարների կողմից այլ ժամկետ սահմանված չէ:
147. Դիմումի կամ գրագրության լուծման ժամկետը հաշվարկվում է դատախազությունում դրա գրանցման օրվանից: Դիմումի կամ գրագրության ժամկետը հաշվարկվում է ըստ օրացուցային օրերի: Եթե դիմումի կամ գրագրության լուծման համար սահմանված վերջնաժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
148. Դիմումի կամ գրագրության ուսումնասիրությունը և լուծումն ավարտելու ժամկետ է համարվում ընդունված որոշման մասին դիմումատուին գրավոր տեղեկացնելու օրը:
149. Լրացուցիչ ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու, նյութերի վերաբերյալ հարցումներ կատարելու անհրաժեշտության կամ այլ բացառիկ դեպքերում, դիմումին կամ գրագրությանը լուծում տալու ժամկետը երկարացվում է վերադաս դատախազի կամ նրա տեղակալի կողմից, միաժամանակ հեղինակներին տեղեկացնելով պատասխանի ուշացման պատճառների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ՝ այդպիսի որոշում կայացվելուց հետո` երեք օրվա ընթացքում:
150. Դիմումը կամ գրագրությունը համարվում է լուծված և հանվում է հսկողությունից միայն այն դեպքում, եթե ուսումնասիրվել են դրանում արծարծված բոլոր խնդիրները, իրականացվել են դրանց համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և հեղինակներին տրվել են սպառիչ պատասխաններ, կամ եթե միջազգային-իրավական համագործակցության շրջանակներում դիմումը վերահասցեագրվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին:
151. Դիմումի պատասխանը, որը կապված է քրեական գործերի քննության հետ, տրվում է գործի քննության ավարտից հետո, կամ այնպիսի ձևակերպմամբ, որը բացառում է նախաքննության գաղտնիության բացահայտումը:
152. Դիմումը մերժելու դեպքում, դիմումատուին ուղարկվում է պատճառաբանված պատասխան, որը պետք է լինի հիմնավորված և հասկանալի: Պատասխանի մեջ տրվում է դիմումի փաստական հանգամանքների լիարժեք գնահատականը:
153. Դիմումը մերժելու որոշումն ընդունում է այն լուծող դատախազը:
154. Մեկից ավելի անձանց կամ հեղինակների ստորագրությամբ դիմումների կամ գրագրության ստացման դեպքում, ստուգումների արդյունքների վերաբերյալ պատասխաններն ուղարկվում են նրանցից յուրաքանչյուրին:
155. Դիմումատուների կամ գրագրության հեղինակների պատասխանների հետ, ըստ պատկանելության, պարտադիր կարգով վերադարձվում են պահանջված փաստաթղթերը՝ պահելով դրանց լուսապատճենները:
156. Յուրաքանչյուր դատախազության վարչական շենքում` այցելուների համար հասանելի վայրերում տեղադրված է դիմումների, բողոքների, հայտարարությունների, առաջարկությունների և այլ գրագրությունների համար նախատեսված արկղ:
157. Սույն գլխի դրույթները տարածվում են նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությանը վերաբերող դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման հետ կապված հարաբերությունների վրա: