ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանության նորանշանակ մշտական իրավախորհրդատուին
հոկտեմբերի 04, 2012
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ մշտական իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սթիվ Կեսլերը, ով ավարտում է մշտական իրավախորհրդատուի իր առաքելությունը Հայաստանում:
Ողջունելով հյուրին՝ Ա.Դանիելյանը հաջողություն մաղթեց նրան` իր առաքելությունն իրականացնելու ընթացքում՝ հույս հայտնելով, որ կշարունակվեն ձեւավորված արդյունավետ համագործակցության ավանդույթները: Արձանագրելով պետությունների միջեւ իրավական համագործակցության բնագավառը կարգավորող համաձայնագրերի բացակայությունը՝ կողմերը բարձր գնահատեցին երկուստեք դրսեւորվող պատրաստակամությունը` համագործակցելու հանցավորության դեմ պայքարում, որի շնորհիվ ձեւավորվել է դրական փորձ, եւ հույս հայտնեցին, որ առաջիկայում եւս կպահպանվեն ու ավելի կզարգացվեն փոխգործակցության մեխանիզմները:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Ս. Կեսլերին` անցած մի քանի տարիների ընթացքում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքի համար: