Հաղորդագրություններ

Մեղադրող Ա.Նադոյանն ամբաստանյալ Դավիթ Մաթեւոսյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է վերջինիս խնդրանքով

հունիսի 13, 2008

Ամբաստանյալ Դավիթ Մաթեւոսյանը 12.06.08թ. դատական նիստում հայտարարել է, թե մեղադրող Ա.Նադոյանը գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի ցուցումով այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ ե «հորդորել զուսպ լինել ու լռել, հակառակ դեպքում՝ կպատժեն խստորեն» (մեջբերումը՝ «Առավոտ» օրաթերթի 13.06.08թ. համարից):

Կարևորելով հասարակության անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ իսկապես մեղադրող Ա.Նադոյանն այցելել է ամբաստանյալ Դավիթ Մաթեւոսյանին՝ վերջինիս խնդրանքով: 2008 թվականի ապրիլի 29-ին մեղադրողը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացել է ամբաստանյալ Դավիթ Մաթեւոսյանի գրավոր դիմումը, որով վերջինս ցանկություն էր հայտնել հանդիպել մեղադրողի հետ՝  իրեն ներկայացված մեղադրանքի, հարուցված քրեական գործի ապացույցների շուրջ «կարծիքներ եւ տեսակետներ փոխանակելու» համար: Նույն օրը մեղադրողն այցելել է քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել ամբաստանյալին:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ մասնավորապես նշված քրեական գործի դատավարությունը լուսաբանելիս մամուլը հատվածաբար է անդրադարձել այդ թվում մեղադրյալների դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներին, ձեռք բերված ապացույցներին՝ հասարակությանը չտրամադրելով լիարժեք տեղեկատվություն քրեական գործի վերաբերյալ եւ՝ մտայնություն ձեւավորելով, թե, օրինակ, ոստիկանի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Դավիթ Մաթեւոսյանը երբեւէ, այդ թվում նախաքննության ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, եւ հակառակի մասին մեղադրական եզրակացության մեջ արձանագրված հանգամանքն իրականությանը չի համապատասխանում՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Դ.Մաթեւոսյանը նախաքննության ընթացքում ընդունել է իր կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու հանգամանքը, ինչն էլ արտահայտվել է մեղադրական եզրակացության մեջ: Հաշվի առնելով, որ նախաքննական այդ ցուցմունքը, որը Դ.Մաթեւոսյանը տվել է 2008 թվականի մարտի 4-ին, հրապարակվել է դատարանում եւ, սահմանված կարգի համաձայն, հետազոտվել՝ ներկայացնում ենք դրանից որոշ հատվածներ. «...Հետագայում նաեւ որոշակի կազմակերպչական դերակատարություն եմ ունեցել Ազատության հրապարակում մեկնարկված ոչ զանգվածային միջոցառմանը, որը ինքնաբերաբար վերածվել էր զանգվածային միջոցառման՝ շուրջօրյա նստացույցի: Եթե նշված միջոցառումը հրապարակային դառնալով ի վերջո արժանացել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված միջոցառման, ապա բնականաբար կազմակերպչական առումով ես կապ եմ ունեցել դրա հետ և եթե այն օրենքի խախտում է , ես ինձ մեղավոր եմ ճանաչում: Ուղղակի ցանկանում եմ ավելացնել, որ այն ժամանակ ես չեմ իմացել որ դա խախտում է, և լինելով ՆԳ նախկին աշխատակից, գիտակցում եմ,որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»:

Նույն ցուցմունքում Դավիթ Մաթևոսյանը նաեւ  նշում է. «... Այդ պահին ես քայլում էի «Հանրապետության» հրապարակի ուղղությամբ և մի համազգեստով ոստիկանության աշխատակից դիմելով ինձ պահանջեց ներկայանալ, դատարկել գրպաններիս պարունակությունը: Այդ պահին ես վրդովվեցի, ասելով, որ ինչ եք ուզում ինձանից, ես ընդամենը մասնակցել եմ խաղաղ նստացույցի և ոչ մի ապօրինություն չեմ արել: Ոստիկանը շարունակեց պահանջներ ներկայացնել և այդ ընթացքում հնարավոր է քաշքշուկ կամ հրմշտոց առաջացավ մեր մեջ, որին միացավ մեկ այլ համազգեստով ոստիկան: Ես գիտակցելով որ իմ գործողությունները կարող են դիտարկվել որպես դիմադրություն, ենթարկվեցի նրանց պահանջներին, հասկանալով որ նման իրադրության մեջ դրանք միանշանակ օրինական են, իրենց հետ միասին քայլելով եկա Ազատության հրապարակ, այնուհետև բաժին: 
Ներկայումս այդ պահվածքիս համար զղջալով կարող եմ նշել, որ հայտնեցի ողջ ճշմարտությունը:
Ցուցմունքը գրեցի իմ ձեռքով, ճիշտ է: Դավիթ Մաթևոսյան»:

Ամենեւին նպատակ չունենալով անդրադառնալ սույն քրեական գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում Դավիթ Մաթեւոսյանի մեղադրանքը հիմնավորող կամ արդարացնող ձեռք բերված մնացած բոլոր ապացույցներին՝ հարկ ենք համարում նշել, որ մեղադրական եզրակացությունը կազմվում է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների, այդ թվում  մեղադրյալի ցուցմունքների հիման վրա: Ճիշտ է, ամբաստանյալն իրավունք ունի դատաքննության ժամանակ փոխել իր ցուցմունքները կամ ընդհանրապես ցուցմունքներ չտալ, սակայն նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությունը կազմելիս  չի առաջնորդվում այն ենթադրությամբ, որ դատարանում մեղադրյալը կարող է տալ նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ: Իսկ հասարակությունը, կարծում ենք, իրավունք ունի դատաքննության ընթացքում լիարժեք տեղեկատվություն ստանալ ձեռք բերված բոլոր ապացույցների մասին, որոնց վերջնական գնահատականը կտա դատարանը: