Հաղորդագրություններ

Ապրիլի 16-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 24 քրեական գործ

ապրիլի 16, 2008

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում  ավարտվել է Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի եւ Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Է.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին եւ քրեական գործն ուղարկվել է  ՀՀ հյուսիսային քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Խ.Գասպարյանին եւ Ա.Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի  ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործերն ուղարկվել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նախնական կալանքի տակ գտնվող եւս 4 մեղադրյալի նկատմամբ, նախաքննական մարմնի որոշմամբ, փոխվել է ընտրված խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ նրանց մասով անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են եւ նրանց ազատության մեջ գտնվելը այլեւս չի խոչընդոտի հետագա նախաքննությանը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված  Տիգրան Սուքիասյանին, Եղիշե Գրիգորյանին եւ  Արթուր Նազանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 16-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում  75 անձ, եւս 18 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եւս մեկ անձ՝  Լ.Գասպարյանը, ձերբակալվել է Երեւան քաղաքում մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:

Ապրիլի 16-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 24 քրեական գործ՝ 24 անձի վերաբերյալ: