Հաղորդագրություններ
Սպանվել է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետը
սեպտեմբերի 06, 2006
2006 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բայրոն փողոցում անհայտ անձը (անձինք) հեռակառավարման սարքի միջոցով պայթեցնելու՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ սպանել է իր ծառայողական ԳԱԶ 3102 մակնիշի 005 ԼԼ 03 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Վարդգեսի Հովասափյանին: Պայթյունի ժամանակ ավտոմեքենայի մեջ են գտնվել նաեւ տուժողի որդին՝ Գրիգոր Շահենի Հովասափյանը, եւ վարորդ Անդրանիկ Ժորայի Չարչյանը, որոնք ողջ են մնացել: Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն: Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն: