Հաղորդագրություններ
ԱԺ պատգամավոր Հ.Հակոբյանը ձերբակալվել է
հոկտեմբերի 09, 2006
ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանն իր թիկնազորի անդամների հետ 2006 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է գազաբաշխիչ կայանի անվտանգությունն ապահովող եւ Հ.Հակոբյանին պատկանող գազալիցքավորման կետերի կողմից ապօրինի գազօգտագործումը կանխող անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ: Միջադեպի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Փաստի առթիվ նույն օրը Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ ԱԺ պատգամավոր Հ.Հակոբյանը 2006 թվականի հոկտեմբերի 8-ին ձերբակալվել է եւ գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալվել են նաեւ Հ.Հակոբյանի թիկնազորի ղեկավար Լ.Բարսեղյանը, գազալիցքավորման կետերի աշխատակիցներ Դ.Ներսիսյանը, Խ.Հայրապետյանը: Հանձնարարվել է ոստիկանական մարմիններին անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձանց հանցակիցների եւ ականատեսների ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացած զենքի հայտնաբերման ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: