Քննարկվել են պատմական հուշարձանների պահպանությանը, գանձագողությանը վերաբերող հարցեր
հունիսի 09, 2008
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է պատմական հուշարձանների պահպանությամբ մտահոգված մի խումբ հնագետների, հուշարձանների պահպանության գործակալության ղեկավարությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատմամշակութային ժառանգության պահպանությանը, պատմամշակութային տարածքների կառավարմանը, գանձագողությանը վերաբերող հարցեր: Հյուրերը նշել են, որ Հայաստանն ունի 24-25 հազար պատմական հուշարձան, որոնք զբաղեցնում են շուրջ 20.000 հա տարածք, որի կառավարումը սակայն այնքան էլ արդյունավետ չի իրականացվում: Պատմական հուշարձանների տարածքները համարվում են պետական սեփականություն, ինչը տնօրինել, կառավարել համայնքների ղեկավարությունն իրավասու չէ, որի հետեւանքով հուշարձանների տարածքները մատնվել են անտարբերության, ինչն էլ իրեն հերթին նպաստում է գանձագողության աճին: Հնագետների կարծիքով՝ պատմամշակութային մեր ժառանգության պատշաճ պահպանման թիվ մեկ գրավականը համակարգված եւ կենտրոնացված կառավարումն է մեկ մարմնի կողմից, որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով:
ՀՀ գլխավոր դատախազը հորդորեց գանձագողության յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ ահազանգել, տեղեկացնել դատախազությանը՝ դրան ընթացք տալու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ նշելով, որ միայն համապատասխան պատժողական քաղաքականությամբ հնարավոր կլինի պայքարել այդ երեւույթի դեմ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները, աշխատանքային քննարկումները կազմակերպել պարբերաբար: