Հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 90-ամյակին
հուլիսի 01, 2008
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 90-ամյակին:
Մասնագիտական տոնին նվիրված հանդիսությունները սկսվեցին առավոտյան. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Հենրիկ Խաչատրյանի անունը կրող դպրոց եւ ծաղկեզամբյուղներ դրեց դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրուն, ապա ծաղկեզամբյուղներ դրվեցին ՀՀ դատախազության վարչական շենքի մոտ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադիրներից մեկի՝ Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:
Դատախազության 90- ամյակին նվիրված հանդիսավոր նիստը տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, արդարադատության նախարարը, դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարները, Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Վրաստանի Լիտվայի, Հունգարիայի դատախազությունների, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի պատվիրակությունները:
Հայաստանի դատախազության անցած ուղու, ներկայի գործառույթների և ապագայի խնդիրները ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյանը:
«Հայաստանի դատախազության մարմիններն իրենց ինը տասնամյակների կենսագրության ընթացքում զարգացման բարդ ուղի են անցել: Նրանք անմիջականորեն մասնակցել են մեր ժողովրդի համար կենսականորեն կարեւոր խնդիրների լուծմանը, ազգային պետականության հիմքերի ստեղծմանը: Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների գործունեության բովանդակությունը, պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջանում, որոշվել է մեր երկրի առջեւ ծառացած կոնկրետ խնդիրներով»,- ասաց գլխավոր դատախազն, ավելացնելով. «Անցյալ դարի 90-ական թվականների սկզբներին ձեռնամուխ լինելով անկախ պետականության կառուցմանը, մեր երկիրը, որպես գերխնդիր, առաջադրեց ժողովրդավարական, իրավական պետության ստեղծումը, ինչն անհնար է պատկերացնել առանց դատախազական համակարգի բարեփոխման, արդի մարտահրավերների գիտակցման ու համարժեք արձագանքման»:
Դատախազության աշխատակիցներին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ գլխավոր դատախազն ընդգծեց. «Համոզված եմ, որ յուրաքանչյուր տոնակատարություն պետք է առիթ դառնա արվածն արժեվորելու, թերություններն ու բացթողումները հաղթահարելուն ուղղված առավել նպատակային գործունեության ծավալման համար՝ ի նպաստ մեր երկրում օրինականության ամրապնդման, մեր ժողովրդի ապահով կյանքի ու մեր Հայրենիքի հետագա բարգավաճման»:
Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության աշխատակիցներին շնորհավորեցին և պարգևներ հանձնեցին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը:
ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վ.Վարդանյանը հրապարակեց դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ պարգեւատրելու մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մխիթար Գոշի» մեդալով պարգեւատրվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Երեկոյան տեղի կունենա տոնական համերգ՝ Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: