Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազը Սանկտ-Պետերբուրգում առանձնազրույց է ունեցել մարդու իրավունքների հանձնակատարի հետ

հուլիսի 04, 2008
 

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի հուլիսի 2-3-ին Սանկտ- Պետերբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համատեղ կազմակերպած Եվրոպայի պետությունների գլխավոր դատախազների  խորհրդաժողովին՝ «Դատախազության դերը մարդու իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանության գործում՝ քրեական օրենսդրության ոլորտից դուրս» խորագրով:

Հուլիսի 2-ին Ա.Հովսեփյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ «Մարդու իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանության հարցերը՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի աշխատանքներում» թեմայով՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կոորդինացիոն խորհրդի ձեռնարկած աշխատանքները եւ Հայաստանի դատախազության փորձը:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր դատախազն առանձնազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Հունգարիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի  Թուրքիայի դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ՝ քննարկելով երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ա.Հովսեփյանը 2008 թվականի հուլիսի 2-ին Սանկտ-Պետերբուրգում առանձնազրույց  է ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների  հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած թիվ 1620 բանաձեւի կատարմանը վերաբերող հարցեր: Պրն. Համմարբերգը տեղեկացրել է, որ հուլիսի 13-15-ը ժամանելու է Հայաստան՝ տեղում ծանոթանալու 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրելու համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին եւ գործունեության կարգին, ինչպես նաեւ նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին: Նրա փոխանցմամբ՝  խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բավական հակասական թվեր են նշվել անգամ քրեական գործի շրջանակներում կալանավորված անձանց եւ նրանց դատավարական կարգավիճակների մասին եւ առկա է ճշգրիտ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը:

Մարդու իրավունքների հանձնակատարը հայտնել է, որ Հայաստան կատարելիք այցի ժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված կլինի նաեւ փորձագետ՝ Շվեդիայից, ով նախկինում զբաղվել է նմանօրինակ հարցերի ուսումնասիրությամբ եւ որի  փորձառությունը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար: