Հաղորդագրություններ

Պետք է բարձրացնել դատախազական հսկողության արդյունավետությունը

հուլիսի 09, 2008

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է  ունեցել խորհրդակցություն եւ քննարկել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ հետաքննության եւ նախաքննության մարմինների աշխատանքների նկատմամբ դատախազական հսկողության արդյունքներն ու բացթողումները:

Արձանագրելով, որ 2008 թվականի հունիսի 7-ին Վանաձոր քաղաքում դատախազության կազմակերպած խորհրդակցությունից հետո նկատվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ օպերատիվ-որոնողական, քննչական մարմինների աշխատանքների ակտիվացում, այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գնահատմամբ, ձեռնարկվող միջոցառումները  հեռու են բավարար լինելուց: «Յուրաքանչյուր հաղորդում, նյութ, դիմում-բողոք պետք է դառնա քննարկման առարկա եւ գտնվի դատախազական հսկողության ներքո»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ օրենքով սահմանված կարգով պատշաճ քննարկման առարկա չդարձած յուրաքանչյուր հաղորդման համար պատասխանատվության է ենթարկվելու հսկողություն իրականացնող դատախազը:

Խորհրդակցության մասնակիցներին տեղեկացվել են, որ դատախազության կոլեգիայի քննարկման արդյունքները հաշվի առնելով ստեղծվել է աշխատանքային խումբ կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը ստուգելու նպատակով: Միաժամանակ գլխավոր դատախազը շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է նախեւառաջ կոռուպցիոն երեւույթների հավանականությունը բացառել հենց իրավապահ մարմիններում, ինչում առանցքային  է  դատախազական պատշաճ հսկողությունը: 
Կարեւորելով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը՝ գլխավոր դատախազը հանձնարարել է կոնկրետ քրեական գործերով հսկողություն իրականացնելիս, ուսումնասիրություններ կատարելիս օրինախախտումներ, արարքի ոչ ճիշտ որակումներ արձանագրելու դեպքում հատուկ քննարկման առարկա դարձնել նպատակային դիտավորության,  շահագրգռվածության հավանականությունը եւ կայացնել համապատասխան որոշումներ:

Խորհրդակցությանը հրավիրվել եւ մասնակցում էին ՀՀ դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները: Առավել ընդլայնված կազմով՝ իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հաջորդ փնջային խորհրդակցությունը տեղի կունենա հուլիսի 25-ին, Եղեգնաձորում: