Հաղորդագրություններ

Դիմահար արձակված կրակոցներից սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գ.Մհերյանը

փետրվարի 04, 2009

2009 թվականի փետրվարի 3-ին՝ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ՝ Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ  65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է  ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Պետրոսի Մհերյանը:

Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք՝ 1-ը կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին:
Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: