ՀՀ գլխավոր դատախազն ընդունեց Իտալիայի Հանրապետության դեսպանին
նոյեմբերի 11, 2010
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Իտալիայի Հանրապետության դեսպան պարոն Բրունո Սկապինիին: Կողմերը քննարկեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման անհրաժեշտության մասին հարցեր:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց պարոն Սկապինիին, որ իր կողմից նամակ է ուղարկել Իտալիայի գլխավոր դատախազին` երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության հուշագիր կնքելու առաջարկով: Պարոն Սկապինին հետաքրքրված էր Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով եւ ընդհանրապես հանցագործությունների վիճակագրությամբ ու շարժընթացով: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները խստագույն պայքար են մղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, ուժեղացված է նաեւ մաքսային ծառայությունների հսկողությունը:
Ա. Հովսեփյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը հանցավորության մակարդակով նվազագույնն է թե ԱՊՀ տարածքում, թե եւրոպական երկրների հետ համեմատության մեջ: Պարոն Սկապինին նույնպես նկատեց, որ այդ առումով իր տպավորությամբ Հայաստանը բավականին խաղաղ երկիր է, եւ կա վստահություն մարդկանց միջեւ:
Դեսպան Սկապինին, հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, միաժամանակ նկատեց նաեւ, որ ինքը` որպես Հռոմում ծնված իտալացի, չի կարող չասել, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը անմիջապես աչքի է ընկնում իր համեստ, բայց բարձրաճաշակ ճարտարապետական լուծումներով եւ ներքին հարդարանքով: