Հաղորդագրություններ

ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազները Մոսկվայում ստորագրել են համագործակցության ծրագիրը

մարտի 29, 2007

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ  ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը, որի ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջեւ 2007-2009թթ. համագործակցության ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիներին համատեղ կազմակերպել գիտագործնական սեմինարներ, կլոր սեղաններ՝  դատախազության տարբեր գործառույթների վերաբերյալ: Բացի այդ՝  նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դատախազությունների մասնագետների հանդիպումներ՝ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, երկու երկրների դատախազությունների աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով:  

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով դատախազական մարմիններում նախատեսված բարեփոխումները, մասնավորապես կարեւորելով, որ դատախազությունն այսուհետ չի իրականացնելու նախաքննություն, այլ միայն դատավարական հսկողություն՝ քննության նկատմամբ: ՌԴ գլխավոր դատախազ Յու.Չայկան տեղեկացրել է, որ որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաեւ Ռուսաստանի դատախազությունում, մասնավորապես ՌԴ պետդուման ներկայումս  քննարկում է ՌԴ գլխավոր դատախազությունում քննչական մարմին ստեղծելու մասին օրինագիծը:

Գնահատելով հանդիպման արդյունքները՝ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազները հույս հայտնեցին, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ: