Հաղորդագրություններ

Ամփոփվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները

դեկտեմբերի 29, 2022

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

 

Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքները, դրանց ամփոփման արդյունքում կազմված վերջնական նախագծերի հիմնական կարգավորումները:

 

Ամփոփվել է նաև նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալները:

 

Հանդիպման արդյունքներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի N 40-Ա որոշման 3-րդ կետը, աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից հանձնարարվել է կազմել պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն, որը առաջարկվող օրենսդրական կարգավորումների հետ մեկտեղ ներկայացվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմ: