Վիճաբանություն կենցաղային հարցի շուրջ՝ մահվան ելքով
ապրիլի 28, 2007
Ապրիլի 26-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի եւ ազդրի մասերում կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հրանտ Հակոբյանը (ծնված՝ 1964թ.):
Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, Հ.Հակոբյանն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Ապրիլի 27-ին՝ ժամը 02:25-ի սահմաններում, վիրահատության ժամանակ, Հ.Հակոբյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննությունը վարում է Լոռու մարզի դատախազությունը: Դիակի արտաքին զննությամբ՝ դրա վրա հայտնաբերվել է կտրող-ծակող գործիքից ստացած 15 մարմնական վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 9 մմ տրամաչափի 5 պարկուճ, 2 գնդակ, դանակի շեղբի կոտրված սայր եւ ավտոմեքենայի լուսարձակի ջարդված կտորներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հարցի շուրջ՝ Վանաձորի Վարդանանց 51 շենքին կից հողատարածքի համար վեճ է ծագել Վանաձորի բնակիչ, տուժող Հ.Հակոբյանի եւ նրա համաքաղաքացի Սամվել Դիլոյանի միջեւ (երկուսն էլ հանդիսացել են ԱԺ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբի աշխատակից): Վեճը շարունակվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի «Թեժ – լեռ» կոչվող տեղանքում՝ Վանաձորի նախկին Մորթու մուշտակի ֆաբրիկայի ապամոնտաժված շինության մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ կրակոցներն արձակվել են «Մակարով» տեսակի ատրճանակից, որը եղել է տուժող՝ Հ.Հակոբյանի ձեռքին: Պարզվել է նաեւ, որ գործով տուժող Հ.Հակոբյանը Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված է 1982 թվականից «էպիլեպսիա» հիվանդությամբ, նախկինում դատված, իսկ վիճաբանության մասնակից՝ տուժողի ընկեր Ա.Հովհաննիսյանը 1998 թվականից հաշվառված է շիզոֆրենիա՝ պարանոիդ հիվանդությամբ:
Ձեռնարկվում են միջոցներ Ս.Դիլոյանին եւ վիճաբանությանը մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: