ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչներին
ապրիլի 10, 2013
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնյաներ Քեթրին Նյուքոմբին եւ Ժաստին Ֆրիդմանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, դեսպանատան իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը։
Կողմերը քննարկել են փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը, հաղորդումներն ստուգելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերի եւ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին վերաբերող հարցեր։
ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին արձագանքելու ուղղությամբ դատախազությունում ձեւավորված կառուցակարգերի մասին՝ նշելով, որ հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցումն ու դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալն ապահովելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է դատախազական հսկողությունը : Խմբում ընդգրկվել է 12 դատախազ: Աշխատանքային խմբի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ