Հաղորդագրություններ

Դատախազության միջազգային գործընկերները մասնակցել են «Դատախազության քրոնիկոնը. հետահայաց՝ 105-ամյա պատմությանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին

հուլիսի 02, 2023

Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ հուլիսի մեկին այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

 

խորհրդաժողովի մասնակիցները թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել, ծանոթացել թանգարանի ցուցանշումներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի ուշագրավ դրվագներին: 

 

Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Դատախազության 105-ամյակին, որից հետո հյուրերը մասնակցել են Դատախազության լուսանկարների ցուցահանդեսին՝ «Դատախազության քրոնիկոնը. հետահայաց՝ 105-ամյա պատմությանը» խորագրով:

 

Հիշեցնենք, որ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված խորհրդաժողովին մասնակցել են Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի, Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրես Պարմասի, Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի, Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությունները, ինչպես նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկռլեցը, Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն, ԵԽ պատվիրակության անդամները, այլք: