Դատախազության կողմից պետությանը վերադարձված գույքերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
դեկտեմբերի 14, 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կառավարության այսօրվա նիստի ընթացքում, անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը վերադարձված ևս 4 անշարժ գույքի և 1 շարժական գույքի մանրամասներին: Գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.
« 4 անշարժ գույքերի ու 1 շարժական գույքի (ավտոմեքենա) նկատմամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, և այս նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքերն ամրացնել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից 3 հողատարածքները.
- քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտա 25/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 21 հազար 498,9 քմ մակերեսով հողամաս և 34.76 քմ մակերեսով հասարակական տարածք,
- քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտա 25/4 հասցեում գտնվող 1687,9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237.9 քմ մակերեսով հասարակական տարածք,
- քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծովակալ Իսակովի պողոտա 25/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 14 հազար 260,9 քմ մակերեսով հողամաս և 6 քմ մակերեսով տարածք:
Կառավարության որոշման նախագծում նշված մյուս մեկ անշարժ և մեկ շարժական (Range Rover մակնիշի տրանսպորտային միջոց) գույքերը պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին:
Նշեմ, որ ևս մեկ անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում»: