Ա.Հովսեփյան. «Բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի իրավական գնահատական»
մայիսի 07, 2010
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիտդին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ կոնկրետ քրեական գործերով գերմանացի գործընկերների հետ ձեւավորվել է համագործակցության դրական փորձ՝ գլխավոր դատախազը կարեւորել է փոխօգնության, համագործակցության կարգավորումը իրավական փաստաթղթերով: Դեսպանն հավաստել է իր պատրաստակամությունը աջակցելու եւ առավել զարգացնելու դատաիրավական ոլորտի համագործակցությունը:
Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազ անդրադարձել է նաեւ Չարենցավանի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: «Ինչպես ընդհանրապես, այնպես էլ հարցաքննությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրումը պետք է բացառվի: Անընդունելի է բռնությամբ ցուցմունքներ վերցնելը: Այս աշխատաոճն անընդունելի է»,- ընդգծել է գլխավոր դատախազը նշելով, որ հետամուտ է լինելու դեպքի լիարժեք բացահայտմանը: «Նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի առջեւ խնդիր է դրվել ապահովել քրեական գործի բազմակողմանիությունն ու լրիվությունը: Արդեն իսկ կատարվել է հսկայածավալ աշխատանք եւ բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչը, կարծում եմ, կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում»,- ընդգծել է Ա.Հովսեփյանը:
Դեսպանը բարձր է գնահատել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննության հրապարակայնությունը՝ համակարծիք լինելով, որ համապատասխան պատժողական քաղաքականությունը կունենա կանխարգելիչ լուրջ նշանակություն:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությունների վերաբերյալ: