Հաղորդագրություններ
Կուսումնասիրվեն կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը
հուլիսի 08, 2008
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի թիվ 53 hրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երեւանի, Եղեգնաձորի եւ Սեւանի կայազորների զինվորական դատախազություններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Աշխատանքային խմբին հանձնարարվել է ուսումնասիրել մասնավորապես 2007 թվականի աշնանային զորակոչի ընթացքում հանցագործությունների եւ օրինախախտումների առթիվ նշված կայազորների զինվորական դատախազությունների կողմից ձեռնարկված դատախազական գործունեությունը եւ դրա արդյունքները:
Ուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային խումբը պետք է պարզի՝
- «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան զինապարտների կցագրման հետ կապված գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված):
- Առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինապարտներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված):
- Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման գործընթացի օրինականության պարզման կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդունքները («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-16-րդ հոդվածները):
- Զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի եւ քննված գործերի օրինականությունը:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքները աշխատանքային խումբը ՀՀ գլխավոր դատախազին պետք է ներկայացնի մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 30-ը: