Ապրիլի 15-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ
ապրիլի 15, 2008
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է եւս 4 մեղադրյալի՝ Սողոմոն Երիցյանի, Հարություն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի եւ Հովհաննես Մխոյանի մասով նախաքննությունը:
Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Յ.Մելքոնյանին եւ Ս.Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ), Հ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, Հ. Մխոյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանին իրավապահ մարմիններից թաքնվելու հարցում աջակցելու, նրան պարտակելու համար:
Ս.Երիցյանի եւ Յ.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ.Մխոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նախաքննական մարմնի որոշմամբ, փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Նրանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Հ.Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան:
Նախաքննական մարմնի որոշմամբ մեղադրյալներ, նախնական կալանքի տակ գտնվող Վահագն Հարեյանի, Վեմիր Մխիթարյանի, Ֆրունզե Ստեփանյանի, Ալեքսան Վարդանյանի, Պետրոս Հակոբյանի նկատմամբ փոխվել է ընտրված խափանման միջոցը: Հաշվի առնելով, որ նրանց մասով անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են եւ նրանց ազատության մեջ գտնվելը չի խոչընդոտի հետագա նախաքննությանը՝ Վ.Հարեյանի, Վ.Մխիթարյանի, Ֆ.Ստեփանյանի, Ա.Վարդանյանի եւ Պ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հրազդան քաղաքի բնակիչ Էդիկ Խաչատրյանը 14.04.08թ. ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 15-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ, եւս 16 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եվս երեք անձ ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:
Ապրիլի 15-ի դրությամբ դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ, որոնցից 3-ի՝ Դավիթ Համբարձումյանի, Մեսրոպ Զաքարյանի եւ Ռաջու Պետրոսյանի մասով դատաքննությունն ավարտվել է: Նշված երեք մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ նրանց խնդրանքով կիրառվել է արագացված դատաքննության կարգը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Դ.Համբարձումյանին, Մ.Զաքարյանին եւ Ռ.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը (իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ):
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.08թ. դատավճռով Դ.Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Նույն դատարանի 14.04.08թ. դատավճիռներով Մ.Զաքարյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, իսկ Ռ.Պետրոսյանը՝ դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: