Հաղորդագրություններ
Ստուգվում են բոլոր հնարավոր վարկածները
հունիսի 23, 2006
2006 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 15-ի սահմաններում,Երեւան քաղաքի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում քննությամբ չպարզված անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի 10 ՏՏ 045 պետհամարանիշի վարորդ Սեդրակ Վահանի Զատիկյանի (1980 թ. ծնված) վրա, որի հետեւանքով վերջինս, ինչպես նաեւ պատահական անցորդ Կարինե Մանուկի Սարգսյանը (1969 թ. ծնված) ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ իրականացրել բոլոր անհետաձգելի քննչական գործողություններն ու որոնողական միջոցառումները: Գործով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաեւ ավտոմեքենայի, հագուստների, դեպքի վայրից առգրավված պարկուճների եւ այլ առարկաների դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն: Հարցաքննվել են բազմաթիվ ականատես վկաներ, մշակվել են բոլոր հնարավոր վարկածները, եւ դրանց ուղղությամբ կատարվում է քննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 24 պարկուճ, որոնք արձակվել են միեւնույն զենքից: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչների խմբի կողմից: Քննչական օպերատիվ խմբում ներգրավվել են ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցները: