Հաղորդագրություններ

Հրամանագիրը դատավարական որեւէ իրավունքի սահմանափակում չի նախատեսում

մարտի 07, 2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին, ով հետընտրական փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընտրական եւ հետընտրական զարգացումներին: Ջոն Պրեսկոտը վերահաստատել է ՀՀ Նախագահի փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրություններին տրված նախնական գնահատականներն ամբողջությամբ եւ հույս հայտնել, որ ընտրական գործընթացը կշարունակվի բնականոն ընթացքով:

Հյուրերի խնդրանքով անդրադառնելով հետընտրական զարգացումներին եւ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նկատեց, որ հրամանագիրը թելադրված էր ստեղծված իրավիճակով, բխում էր ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից եւ  միտված էր վերականգնելու հասարակական կարգը եւ պահպանելու երկրի սահմանադրական կարգը: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը որեւէ փոփոխություն չի նախատեսում երկրի դատաիրավական համակարգի գործունեության մեջ եւ չի սահմանափակում որեւէ դատավարական իրավունք: Հետեւապես Սահմանադրական դատարանի՝ ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ՀՀ Նախագահի թեկնածուների ներկայացրած դիմումները քննության առարկա դարձնելու իրավազորության հարցի ներկայիս շահարկումները անհիմն են:

Ա.Հովսեփյանը տեղեկացրեց, որ ներկայումս ձերբակալված է 16 հոգի, եւս 53 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանք բոլորն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք կատարելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազը հավաստեց, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքներին սոսկ մասնակցելու համար որեւէ անձ չի ձերբակալվել, կալանավորվել եւ քրեական հետապնդում իրականացվում է բացառապես կազմակերպիչների եւ իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ:

Անդրադառնալով քաղաքական երկխոսության համար բարձրացվող պահանջներին` Ա.Հովսեփյանը նկատեց, որ բարձրացվում են իրավական հարցեր, իսկ լուծման համար պահանջվում ոչ իրավական ուղիներ, ինչն անընդունելի է: Մասնավորապես՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է դատավարական հստակ ընթացակարգ, որին քաղաքական միջամտությունը կնշանակի ճնշում արդարադատության նկատմամբ, նույնը վերաբերում է նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձանց ազատ արձակելուն: «Եթե հիմնավորեն, որ որեւէ անձ ձերբակալվել է անհիմն՝ անհապաղ ազատ կարձակենք, բայց քրեական հանցագործություն կատարած անձանց ազատ արձակելն անթույլատրելի եմ համարում»,- ասաց գլխավոր դատախազը:

Կարեւորելով քաղաքական երկխոսությունն ու ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումը՝ Ջոն Պրեսկոտն ընդգծեց, որ ցանկացած պարագայում պետք է իշխի օրենքի գերակայությունը եւ հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանի որոշումն ընդունելի կլինի բոլոր կողմերի համարª անկախ  բովանդակությունից: