Հաղորդագրություններ

13 քրեական գործ ուղարկվել է դատարան

ապրիլի 01, 2008

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում  13 անձի մասով նախաքննությունն ավարտվել է  եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացիներ Արմեն Ավագյանին,  Համլետ Աբրահամյանին, Դավիթ Համբարձումյանին, Ռաջու Պետրոսյանին, Սարգիս Պարունակյանին, Մեսրոպ Զաքարյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Հովհաննես Ղազարյանին,  Գասպարի Վարդգես, Միսակ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու եւ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով, Ռուբեն Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի  եւ 225 1 –րդ հոդվածի 1-ին մասով,  Իսահակ Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին եւ  235-րդ հոդվածի 4-րդ մասով, Արտաշես Մաթեւոսյանին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշված անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Այդպիսով, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 1-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 90 անձ, եւս 10 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: