Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազություն էր այցելել ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը

նոյեմբերի 15, 2017

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հյուրընկալել է  Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 1971-1988թթ. գլխավոր դատախազ, ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան Սուրեն Օսիպյանին:

 

Ջերմորեն ընդունելով մեծարգո հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ հետաքրքրվել է նրա առողջությամբ, առօրյայով, ապա նշել, որ անմոռանալի է պարոն Օսիպյանի անձնական ներդրումը Հայաստանի դատախազական համակարգի  զարգացման, նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավապահ համակարգի ներդաշնակ գործունեության ապահովման մեջ:

 

Պարոն Օսիպյանն անկեղծացավ, որ այցն իր երբեմնի աշխատավայր հուզիչ է և լավ հուշողություններ է արթնացնում, որոնցով հարգարժան վետերանը նաև սիրով կիսվել է անկեղծ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում:

 

Պարոն Օսիպյանը հետաքրքրվել է պետական կառավարման համակարգում Դատախազության ներկայիս դերակատարությամբ, սահմանադրական վերջին փոփոխությունների և «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման համատեքստում դատախազական համակարգում տեղի ունենալիք հնարավոր կարգավիճակային և գործառույթային վերափոխումներով, ներկայացրել Հայաստանում դատախազության զարգացման իր տեսլականը: