Հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը չեն ընդունել դատախազության առաջարկը

ապրիլի 18, 2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 14-ին գրավոր դիմել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար տիկին Կոնսուելո Վիդալին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին՝ առաջարկելով ներգրավել  նշված կազմակերպությունների կողմից լիազորված, առաջարկված մասնագետներին՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում  զանգվածային անկարգությունների կազմակերպելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում նշանակված փորձաքննությունների կատարմանը:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ գլխավոր դատախազությունում 08.04.08թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հայտնել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող նման մասնագետ գործուղել, քանի որ  չեն ունեցել նման նախադեպ: Իսկ 09.04.08թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի գրավոր պատասխանը, որ չունեն նման փորձագետ:

Բարձր գնահատելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի  15.04.08թ. հնչեցված համագործակցության առաջարկը,  ինչպես նաև, ելնելով քննության օբյեկտիվության և հրապարակայնության շահերից՝ ՀՀ գլխավոր դատախազը 17.04.08թ. գրավոր դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ առաջարկելով, փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով, իրականացվող փորձաքննություններին, մասնավորապես՝ դատաբժշկական, քրեագիտական և տեսաձայնագրային փորձաքննությունների կատարմանը, հնարավորության դեպքում, ներգրավել մարդու իրավունքների հանձնակատարի կողմից լիազորված  մասնագետներին:

ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջում (www.genproc.am) կարող եք ծանոթանալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին  եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին հասցեագրված գրություններին, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչից ստացված պատասխանին: (ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին հասցեագրված գրությունը ՀՀ դատախազության ինտերնետային էջում է տեղադրվել 17.03.08թ.):

Դատախազությունը տարածել եւ տարածում է բացառապես ստուգված տեղեկություններ՝ հիմնվելով կոնկրետ փաստերի վրա: Միգուցե դա չի համընկնում հասարակությանն ապակողմնորոշելուն ուղղված որոշ լրատվամիջոցների նախասիրություններին,  որոնք պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնում են աղճատված, խեղաթյուրված՝ ըստ իրենց ընկալումների: Այդուհանդերձ, դատախազությունը հետայսու նույնպես շարունակելու է հասարակությանն իրազեկել դատախազության կատարած աշխատանքների, դատախազական հսկողության, հասարակական մեծ հնչեցողություն ունեցող քրեական գործերի ընթացքի վերաբերյալ՝ կարեւորելով հասարակության ստուգված, անաչառ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ զերծ մնալով ցինիկ մեկնաբանությունների ոճից, ինչը դրսեւորում են որոշ լրատվամիջոցներ: