Դատարան է ուղարկվել 28 քրեական գործ
ապրիլի 25, 2008
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 23-ի դրությամբ, Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 28 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ, որոնցից 6-ով դատաքննությունն ավարտվել է եւ հիմնավորված են համարվել առաջադրված մեղադրանքները:
ՀՀ քաղաքացի, Վարդենիս քաղաքի բնակիչ, նախկինում դատված Դ. Համբարձումյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Դ.Համբարձումյանը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից. սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դ.Համբարձումյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ Մեսրոպ Զաքարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Մ.Զաքարյանը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից. սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Մ.Զաքարյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
ՀՀ քաղաքացի, Մարալիկ քաղաքի բնակիչ, նախկինում երկու անգամ դատված Ռաջու Պետրոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Ռ.Պետրոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ Ռուբեն Ոսկանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել) եւ 225 1 –րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպել եւ անցկացնել) նախատեսված արարքներ կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով եւ տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ռ.Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Ռ.Ոսկանյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
ՀՀ քաղաքացի, Երեւանի քաղաքի բնակիչ, նախկինում դատված Սարգիս Պարունակյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ոստիկանության աշխատակիցների կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, եւ դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:
ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ Արտաշես Մաթեւոսյանը Երեւանի քրեական դատարանի 23.04.08թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, եւ դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Մաթեւոսյանը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից. սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Ա. Մաթեւոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
22 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է: