Ամբաստանյալը հանիպել է վկային եւ պարտադրել գրել սուտ տեղեկություններ պարունակող գրություն
հունիսի 04, 2008
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ծառայության առաջին կարգի մասնագետ Հրաչիկ Գրիգորյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ապօրինաբար թույլատրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ամբաստանյալ Տաթեւ Գասպարյանի տեսակցությունը նույն գործով վկա Դավիթ Եգանյանի հետ, որի ընթացքում Տ.Գասպարյանը դրդել է վկային գրել ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակող գրություն՝ դատարան ներկայացնելու համար:
Մասնավորապես՝ Հ.Գրիգորյանը, ի պաշտոնե պատասխանատու լինելով կազմակերպելու քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների եւ կալանավորների տեսակցությունները մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ՝ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները եւ 21.05.08թ. թույլատրել գործով վկա Դավիթ Եգանյանի ապօրինի մուտքը քրեակատարողական հիմնարկ եւ նրա տեսակցությունը՝ Տաթեւ Գասպարյանի հետ: Վկա Դ.Եգանյանը քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել եւ տեսակցել ամբաստանյալ Տ.Գասպարյանի հետ՝ վերջինիս աներորդի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ամիկ Հախվերդյանի հետ միասին: Տեսակցության ընթացքում Տ.Գասպարյանի սպառնալիքների ազդեցության տակ Դ.Եգանյանը գրել է Տ.Գասպարյանի կողմից հրազեն ձեռք բերելու աղբյուրի եւ պատկանելության վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակող նամակ՝ գործի դատաքննությունը վարող Հյուսիսային քրեական դատարան ներկայացնելու եւ կատարած արարքի համար Տ.Գասպարյանին պատասխանատվությունից ազատելու նպատակով:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: