Հաղորդագրություններ

«Ազատության» հրապարակ էր տեղափոխել մետաղյա ձող եւ փայտյա մահակ

հունիսի 16, 2008

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում  ավարտվել է Արման Շահինյանի մասով նախաքննությունը եւ նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ դեռևս 2008 թվականի մարտի 1-ի նախօրեին Ա. Շահինյանը, Մյասնիկ Մալխասյանին պատկանող «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայով «Ազատության» հրապարակ է տարել շուրջ 30-40 մետաղյա ձող և փայտյա մահակ, որոնք թաքցվել են «Ապարան» գրառմամբ վրանում:

2008թ. մարտի 1-ին, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, նպատակ ունենալով տեղանքի զննման միջոցով ստուգել հակաօրինական գործողություններ հրահրելու և կատարելու նպատակով ցուցարարներին զենք ու ռազմամթերք բաժանելու մասին՝ դրա նախորդ օրը ստացված տեղեկությունների իսկությունը, մտել են  «Ազատության» հրապարակ և հանրահավաքի մասնակիցներից պահանջել հնարավորություն ընձեռել ստուգելու տարածքը, Արման Շահինյանը և հանրահավաքներին մասնակցող մի քանի այլ անձինք Մյասնիկ Մալխասյանի հանձնարարությամբ զինվել են հիշյալ վրանում թաքցված երկաթե խողովակներով և փայտյա մահակներով ու, չենթարկվելով իրավապահների օրինական պահանջներին, ակտիվ դիմադրություն  ցուցաբերել վերջիններիս, որի ընթացքում Արման Շահինյանը, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարձակվել և հարվածներ է հասցրել հրապարակ մտնող՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Շահինյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: