Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

հունիսի 16, 2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ սույն քրեական գործի շրջանակներում ներգրավված մեղադրյալներից ի սկզբանե որպես խափանման միջոց՝ կալանավորում է  կիրառվել   115 անձի նկատմամբ, իսկ ներկայումս նախնական կայանքի տակ է գտնվում 17 մեղադրյալ եւ դատարան է ուղարկվել  78 քրեական գործ՝ 88 անձի վերաբերյալ: Հունիսի 16-ի դրությամբ՝ դատապարտվել է 35 անձ, որոնցից 14-ը՝ 1-ից 5 տարի  ժամկետով ազատազրկման, իսկ 21-ի նկատմամբ նշանակված պատիժը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան,  3 անձ արդարացվել է: Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ 64 մեղադրյալ ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Անդրադառնալով անկարգությունների ժամանակ մասնավորապես ոստիկանության ուժերի կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով գրանցված մարդկային զոհերի հանգամանքների պարզաբանմանը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն հստակեցվել է հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը, հարցաքննվել է 200-ից ավելի ոստիկան, նրանց թվում նաեւ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե կոնկրետ ում կողմից գործադրված հատուկ միջոցն է դարձել  մարդկային զոհի  պատճառ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ պատգամավորներին առաջադրված մեղադրանքներին: