Հաղորդագրություններ

Պատգամավորը խեղաթյուրում է փաստական հանգամանքները, օրենսդրությամբ սահմանված դրույթները

հունիսի 17, 2008

ՀՀ ԱԺ-ի մամուլի պաշտոնական հաղորդագրության համաձայն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ ՀՀ ԱԺ-ում հունիսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե   «առայսօր 10 զոհերի մահվան կապակցությամբ հարուցված չեն քրեական գործեր, ավելին, զոհերի հարազատները հրավիրվում են դատախազություն եւ շանտաժի ենթարկվում, որպեսզի հրաժարվեն բողոք ներկայացնելուց»:

Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ դատախազությունը հետաքննություն, նախաքննություն իրականացնելու գործառույթ չունի, հետեւապես հետաքննություն եւ նախաքննություն չի իրականացնում, առավել եւս օպերատիվ-որոնողական աշխատանքներով չի զբաղվում: Երկրորդ՝ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ արձանագրված մարդկային զոհերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դեռեւս 2008 թվականի մարտի 2-ին՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Երրորդ՝ զոհերի որեւէ հարազատ դատախազության որեւէ աշխատակցի կողմից դատախազություն չի հրավիրվել, առավել եւս շանտաժի չի ենթարկվել, պատգամավորի այդօրինակ պնդումները հերյուրանքներ են:

Որպես ի գիտություն տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում հստակ թվարկված են այն հանցատեսակները, որոնցով քրեական գործ հարուցելու համար պարտադիր է տուժողի գրավոր բողոքը, դրանց թվում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասը հիշատակված չէ, հետեւապես սույն հոդվածով քրեական գործ հարուցելու համար տուժողի գրավոր բողոքը ամենեւին էլ կարեւոր չէ, հետեւապես  դրա բացակայությունը չի կարող պատճառ դառնալ քրեական գործի վարույթը կարճելու համար:

Պետք է արձանագրենք, որ սա միակ դեպքը չէ, երբ որոշ պատգամավորներ, ունենալով բարձրագույն իրավաբանական  կրթություն, ցուցաբերում են իրավական անգրագիտություն եւ  հանդես  գալիս ակնհայտ կեղծ հայտարարություններով, ինչից խուսափելու համար կոչ ենք անում հարգարժան պատգամավորներին ծանոթանալ իրենց իսկ կողմից ընդունված օրենքներին՝ տեղեկանալու համար, թե Հայաստանի Հանրապետությունում որ կառույցներն իրավունք ունեն իրականացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքներ եւ նախաքննություն, ո՞վ է պատասխանատվություն կրում հասարակական կարգը պահպանելու համար, ո՞ր ատյանն է իրականացնում արդարադատություն, ի՞նչ իրավունքներ ունեն ձերբակալված եւ կալանավորված անձինք, ովքե՞ր կարող են տեսակցել ձերբակալված եւ կալանավորված անձանց, ո՞ր դեպքերում են քրեական գործերը հարուցվում տուժողների բողոքների հիման վրա, ո՞ր դեպքերում դրանց առկայությունը կարեւոր չէ եւ  որո՞նք են դատախազության գործառույթները: 
Կարծում ենք՝ հասարակության առջեւ պատասխանատվության բարձր աստիճան ենթադրող ԱԺ պատգամավորի կարգավիճակ զբաղեցնող անձինք, մինչ որոշակի հարցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալը պետք է փոքր ի շատե տեղեկանան իրենց կողմից բարձրաձայնվող հարցի բովանդակությանն ու էությանը:

Անընդունելի ենք համարում ճշմարտությունն աղճատելու եւ խեղաթյուրելու, հասարակության օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարելու եւ  շահարկելու ճանապարհով անձնական դիվիդենտներ վաստակելու գործելաոճը: