Հանցագործությունների հաշվառման ներկայիս կարգը չի արտացոլում հանցավորության իրական վիճակը
հունիսի 25, 2008
2008 թվականի հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են նաեւ սպանությունների եւ սպանության փորձերի բացահայտման, այդ գործերով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը, դատարաններում մեղադրանքի պաշտպանության պրակտիկան, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու, կրելու վերաբերյալ հաղորդումների գրանցման, քննարկման կարգը եւ այս ոլորտում դատախազական հսկողության արդյունքները:
Կոլեգիայի նիստի աշխատանքներին հրավիրվել եւ մասնակցում էին դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա.Երիցյանը, ոստիկանապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գ.Համբարձումյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանը:
Ներկայացնելով 2007 թվականի ընթացքում գրանցված սպանությունների եւ սպանության փորձերի բացահայտման, այդ գործերով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ.Շահինյանն անդրադարձավ արձանագրված բացթողումներին, խախտումներին, հանցագործությունը չգրանցելու արատավոր երեւույթներին:
Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է սպանության 71 դեպք՝ 2006 թվականի 75 դեպքի դիմաց, այսինքն՝ նկատվել է նվազում 4 դեպքով: Սակայն Վ.Շահինյանի ներկայացրած ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր սպանության դեպքերն են հաշվառվել ոստիկանությունում:
«ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացված զեկուցագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես սպանություններ չեն հաշվառվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ, 107-րդ, 108-րդ, հոդվածներով նախատեսված՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված, հանցանք գործած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ, ինչպես նաեւ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված մեղմացուցիչ հանգամանքներով սպանությունների դեպքերը եւ, որքան էլ տարօրինակ է, որպես սպանություն հաշվառվել են միայն 104-րդ (սպանությունը) եւ 106-րդ (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերը: Վերը թվարկված մեղմացուցիչ հանգամանքներով սպանությունների 3 տեսակները ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում հաշվառվել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր տողում»,- ասաց Վ.Շահինյանը՝ նշելով, որ ինֆորմացիոն կենտրոնի կողմից որպես սպանություն չեն հաշվառվել մեղմացուցիչ հանգամանքներում կատարված սպանության 5 դեպքեր, հետեւապես 2007 թվականին հանրապետությունում գրանցվել է սպանության ոչ թե 71, այլ 76 դեպք, որոնցից բացահայտվել է 52-ը:
Երեւանում արձանագրվել է սպանության 31 դեպք, որոնցից բացահայտվել է 18-ը (58 տոկոսը), որը զիջում է մարզերում արձանագրված սպանությունների բացահայտման ցուցանիշին, քանի որ ՀՀ մարզերում արձանագրված 45 սպանության դեպքերից բացահայտվել է 82 տոկոսը:
Վ.Շահինյանի փոխանցմամբ՝ խախտումներ են արձանագրվել նաեւ սպանության փորձերի հաշվառման գործընթացում:
«Սպանության դեպքերի ուսումնասիրությունը նույնպես ցույց տվեց, որ հաշվառումը, վիճակագրական պատկերը հեռու է իրականությունից: Այս հարցին բազում անգամներ անդրադարձել ենք: Վերջերս կոլեգիայի նիստում անդրադարձանք չհաշվառված հանցագործության շուրջ 1000 դեպքի: Սա Հայաստանի նման երկրի համար արտառոց երեւույթ է: Ում ենք մենք, կներեք արտահայտությանս, փորձում խաբել՝ ինքներս մե՞զ, մեր հանրությանը, ո՞ւմ, մեր աշխատանքի լավն ենք ուզում ցույց տալ, թե՞ հակառակը»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը: Անթույլատրելի համարելով հանցագործությունների չհաշվառումը՝ Ա.Հովսեփյանը առաջարկեց ոստիկանությանը լուրջ քննարկման առարկա դարձնել հարցը եւ վերանայել հանցագործությունների հաշվառման կարգը՝ հանցավորության, քրեածին իրավիճակի ճշգրիտ պատկերն ունենալու համար:
Անդրադառնալով սպանությունների կոնկրետ քրեական գործերի ուսումնասիրությանը՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետը նկատեց, որ քննչական մարմինները ոչ միշտ են ապահովում քննության պատշաճ որակ: Մասնավորապես՝ միշտ չէ, որ ժամանակին են կատարվում անհետաձգելի քննչական գործողությունները, պատշաճ զննվում դեպքի վայրը, արձանագրում հանցագործության հետքերն ու առգրավվում իրեղեն ապացույցները: Սպանությունների դեպքերով անորակ քննության փաստեր են արձանագրվել Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի քրեական հետապնդման մարմինների կողմից: Զեկուցողը նկատեց, որ ոչ միշտ են վեր հանվում նաեւ հանցագործություն ծնող պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, մինչդեռ նշված հարցադրումների պարզաբանումը էական նշանակություն ունի հանցագործությունների կանխարգելման գործում:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպանության եւ սպանության փորձերի դեպքերի մեջ տեսակարար մեծ կշիռ են կազմում կենցաղային հողի վրա կատարված սպանությունները: Գաղտնիք չէ, որ կենցաղային հողի վրա կատարված սպանությունների մի մասը տեւական ժամանակով ընթացող հարեւանական, ընտանեկան վեճերի ազգականների կամ ընկերների միջեւ լարված փոխհարաբերությունների հետեւանք է, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել իրավապահ մարմինների կողմից»,- ասաց Վ.Շահինյանը՝ նկատելով, որ այդ փաստերով ստացված դիմումները խորությամբ չեն ուսումնասիրվել եւ դրանց կանխման, վերացման ուղղությամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկել:
Մտահոգության տեղիք է տալիս նաեւ անմեղսունակ անձանց կողմից կատարվող ծանր հանցագործությունների աճը: Ուսումնասիրությունների համաձայն՝ բավարար չեն հոգեկան հիվանդների կողմից հանրորեն վտանգավոր հանցագործություններտ նախականխման ոլորտում իրականացվող աշխատանքները: Որոշվեց այս հարցը դարձնել առանձին քննարկման առարկա՝ դրա վրա հրավիրելով համապատասխան բուժհաստատությունների, մարզերի ու համայնքների դատախազությունների ուշադրությունը:
Հարցի քննարկման արդյունքներով համապատասխան տեղեկատվական նամակ եւ հանձնարարականներ կուղարկվեն՝ կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին, արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ միջնորդագիր՝ ոստիկանապետին: