ՀՀ դատախազություն ստացված տեղեկատվության գրավոր հարցումների վերաբերյալ ամփոփ տվյալները
հունվարի 10, 2020
2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է տեղեկատվության 130 գրավոր հարցում, որոնցից 126-ի դեպքում պատասխանը տրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետում, իսկ 4-ի դեպքում՝ 30-օրյա ժամկետում:
Նշված 4 հարցումներին պատախանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պահանջների պահպանմամբ, այսինքն գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեղեկությունը դիմողին տրվել է դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվել է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական կամ մոտավոր ժամկետը։
ՀՀ դատախազության կողմից տեղեկատվության տրամադրումը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի իրավակարգավորումների շրջանակներում ամբողջությամբ մերժելու դեպք նշված ժամանակահատվածում չի արձանագրվել: Առանձին դեպքերում տեղեկատվությունը չի տրամադրվել հարցման այն մասով, որը վերաբերել է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությանը, հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներին, ինչի վերաբերյալ հարցմամբ տրվել են այդ մասով մերժման հիմքերի և պատճառների մասին պարզաբանումներ:
Հարցումների մի մասի դեպքում, երբ ՀՀ դատախազությունը չի հանդիսացել հայցվող տեղեկատվության տնօրինողը և չի ունեցել համապատասխան տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է եղել, գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին գրավոր պատշաճ տեղեկացվել է դիմողին՝ իրազեկելով այդ տեղեկատվությունը տնօրինողի մասին: