Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությանը

հոկտեմբերի 10, 2008

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը` Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը կարևորեց Չեխիայի հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` անդրադառնալով իրավական օգնության և համագործակցության կապերի զարգացման մեծ հնարավորություններին:

Պարոն Դանիելյանը, կարևորելով երկկողմ և բազմակողմ փոխադարձ իրավական աջակցության անհարժեշտությունը, նշեց, որ հոկտեմբերի վերջին՝ Երևանում, ՀՀ գլխավոր դատախազության և ՉՀ գլխավոր դատախազության միջև կկնքվի իրավական օգնության և համագործակցության համաձայնագիր: Այն  կպարտավորեցնի կողմերին՝ միմյանց աջակություն ցուցաբերել տարբեր հարցերում, այդ թվում` մինչ հայցի հարուցման փուլը քրեական վարույթներով ապացուցողական նյութերի տրամադրում, մյուս կողմի օգտին առանձին քրեադատավարական գործողությունների կատարում, պաշտոնական բողոքների, ինչպես նաև քրեական վարույթների ընդունում, հանցագործություն կատարած, անհայտ կորած անձանց հետախուզման գործում և այլն: Նշվեց նաև, որ համագործակցությունը կիրականացվի դատախազության գործունեության, քրեադատավարական և քրեաիրավական նորմերի գործնական կիրառման հարցերով աշխատանքային փորձի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացվող վերլուծությունների և ծրագրի փոխանական միջոցով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ կարևորության այլ հարցեր: