Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի այցը Մոսկվայի հայկական եկեղեցի

հունվարի 14, 2021

Հունվարի 13-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում հյուրընկալեց Տեր Եզրաս արք․ Ներսիսյանը։


Մասնավոր զրույցի ընթացքում թեմակալ առաջնորդը ներկայացրեց թեմի հոգևոր, մշակութային, կրթական և սոցիալական ոլորտի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով համայնքի համախմբվածությունը Եկեղեցու և ազգային արժեքների շուրջ։ «Դրա վառ վկայությունն է վերջին շրջանում համավարակի և հետպատերազմյան շրջանում Մայր հայրենիքի տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակի հաղթահարմանն  ուղղված ռուսաստանաբնակ հայերի օգնությունը, որում մեծապես կարևորում ենք հոգևոր արժեքների  վերականգնումը»,-ասաց սրբազան հայրը։


Գլխավոր դատախազն իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ  առաջին անգամ է այցելում Մոսկվայի եկեղեցական  համալիր և տպավորված է հոգևոր կենտրոնի կոթողայնությամբ, թեմի  ազգանպաստ գործունեությամբ։ «Մշտապես համոզված եմ եղել, որ Հայ Եկեղեցին  հատկապես սփյուռքում անգնահատելի ծառայություն է բերում ազգային-հոգևոր արժեքների պահպանման ու զորացման գործում»,- նշեց Արթուր Դավթյանը։


Հիշեցնենք, որ հունվարի 13-ի առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ և ստորագրել  ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը։