Քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությանը
դեկտեմբերի 07, 2006
ՀՀ քաղաքացի Քյարամ Ավդալյանին պատկանող ոչխարների հոտը Լճաշեն գյուղի մշակովի ցանքատարածքներում արածավարելու պատճառով Ք.Ավդալյանի եւ ցանքատարածքների սեփականատերերի միջեւ 06.11.06թ.՝ ժամը 16-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ Ք.Ավդալյանը բռունցքով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել Ավետիք Մարգարյանին, իսկ վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել Ք.Ավդալյանին:
Դեպքի վայրից Ք.Ավդալյանը դիմել է փախուստի եւ շուրջ 2 ժամ հետո, վիճաբանության ժամանակ ստացած թոքի պատռվածքի հետեւանքով առաջացած ներքին արյունահոսությունից, մահացել:
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզի դատախազությունում 2006 թվականի նոյեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը Ավետիք Մարգարյանը (ծնված 1956 թ.) ձերբակալվել է: 07.11.2006թ. Ա.Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասի պատճառել՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Ա.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են առերեսումներ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Կատարվել եւ կատարվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողությունները՝ վիճաբանության, Քյարամ Ավդալյանին մարմնական վնասվածքներ պատճառվելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
07.12.2006 թվականին Քյարամ Ավդալյանի ազգականները բողոքի ակցիա են կազմակերպել Երեւան քաղաքի Բաղրամյան փողոցի վրա, որի ժամանակ հանգուցյալի մայրը՝ Գյուլիզար Ավդալյանը նախապես իր հետ վերցրած հեղուկ վառելիքը լցրել է իր եւ իր 3 թոռների (16 եւ 12 տարեկան) վրա ու հրկիզել, որի հետեւանքով վերջիններս ստացել են 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հրկիզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազը 07.12.2006թ. ընդունել է Ք.Ավդալյանի մերձավոր ազգականներին եւ պարզաբանել, որ Ք.Ավդալյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է ծավալուն աշխատանք, ձեռնարկվել են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննությամբ ի հայտ է բերվել ու կալանավորվել մեղավոր անձը:
ՀՀ գլխավոր դատախազի 07.12.2006թ. ցուցումով քրեական գործը վերցվել է Գեղարքունիքի մարզի դատախազության վարույթից եւ նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությանը: