Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
ապրիլի 23, 2009
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրավերով, աշխատանքային այցով ապրիլի 22-ին Երեւան է ժամանել Դատախազների Միջազգային Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հենք Մարքարթ Շոլցը:
Ապրիլի 23-ին Հ.Մ.Շոլցին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են դատախազության հակամարգում տեղի ունեցած բարեփոխումներին, Դատախազների միջազգային Ասոցիացիայի (ԴՄԱ), ինչպես նաեւ օտարերկրյա այլ պետությունների դատախազությունների հետ միջազգային–իրավական համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցեր: Բացի այդ հստակեցվել են ԴՄԱ –ի՝ 2010 թվականի տարածաշրջանային հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:
Տարածաշրջանային հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկին տրվել է նախնական համաձայնություն:
Նույն օրը Հ.Մ.Շոլցը հանդիպել է ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, ծանոթացել ՀՀ դատախազության կառուցվածքին, գործառույթներին:
Համառոտ տեղեկանք
ԴՄԱ-ն հիմնադրվել է 1996թ., առաջին Գլխավոր հանդիպումը կայացել է Բուդապեշտ քաղաքում: ԴՄԱ-ի կայացմանն աջակցել են մի շարք պետությունների կառավարություններ. Դանիայի կառավարությունը տրամադրել է որոշակի գումար, նստավայր և նշանակել է իր ավագ դատախազներից մեկին՝ Հենք Մարքարթ Շոլցին որպես ԴՄԱ-ի գլխավոր քարտուղար:
ԴՄԱ -ի նպատակն է տարբեր երկրների դատախազությունների միջև ստեղծել համագործակցության ցանց՝ կազմակերպված միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ներկայում ԴՄԱ-ին անդամակցում են 132 կազմակերպություն եւ անհատ անձինք՝ 130 երկրից:
ԴՄԱ-ի հիմնադրումից կարճ ժամանակ անց՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դարձել է ԴՄԱ-ի անդամ: ՀՀ դատախազները բազմիցս մասնակցել են ԴՄԱ-ի տարեկան և տարածաշրջանային կոնֆերանսներին: Այն հանդիսանում է աշխարհում դատախազների առաջին և միակ միջազգային կազմակերպությունը: