Հաղորդագրություններ

Հերթական մեղադրական դատավճիռը՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին արձանագրված ընտրական հանցագործության գործով

հոկտեմբերի 29, 2021

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գորիս համայնքում գործող «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Այնուհետև  նա 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

 

Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

 

Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի  կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։

 

     2021թ. հոկտեմբերի 27-ին հրապարակած դատավճռով դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Միաժամական, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով:

 

Դատական ակտն ստանալու և դատարանի պատճառաբանությունների ու հիմնավորումների վերլուծության արդյուքնում կլուծվի պատժի մեղմության առումով անհամափաչության տեսանկյունից այն բողոքարկելու հնարավորության հարցը: