Հարուցվել է քրեական գործ՝ վկա Գ.Մուրադյանի հայտարարության հիման վրա
մայիսի 22, 2008
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ամբաստանվող Հակոբ Վարդանեսի Հակոբյանի գործով դատաքննության ընթացքում՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, վկա Գեւորգ Մուրադյանը հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք սուտ են եւ տվել է հարկադրաբար՝ հետաքննության մարմնի աշխատակցի եւ քննիչի կողմից իր նկատմամբ կիրառված ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ազդեցության տակ:
Վկայի նշված հայտարարության վերաբերյալ նյութերը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.05.09թ. ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը) ՝ դատախազությունում 22.05.09թ. հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:
Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: