Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
փետրվարի 12, 2007
2007 թվականի փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովային եւ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարիանա Տրիվունովիցին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գեւորգ Դանիելյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Մինասյանը եւ միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին GRECO-ի եւ MONEVAL-ի կողմից արված առաջարկությունների կատարման ընթացքը: Հյուրերի խնդրանքով՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց այդ ուղղությամբ դատախազության կատարած աշխատանքները: Ըստ այդմ՝ տեղեկացրեց, որ հաստատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր ցուցակը, մշակվել եւ կառավարություն է ներկայացվել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է քրեական պատասխանատվություն նախատեսել նաեւ հեղինակության վաճառքի համար: Հայաստանում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի «լվացման» դեմ պայքարում առավել սերտ համագործակցությունն ապահելու համար համաձայնագիր է ստորագրվել ՀՀ դատախազության եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ կոռուպցիոն երեւույթները դատախազության համակարգում բացառելու՝ անբարեխիղճ աշխատակիցներին համակարգից ազատելու եւ դատախազությունը երիտասարդ, բանիմաց անձանցով համալրելու ուղղությամբ: Մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով նախատեսվել է ունենալ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի եւ որակավորման հանձնաժողովներ, որոնց անկողմնակալ աշխատանքն ապահովելու նպատակով առաջարկվել է դրանց ձեւավորմանը մասնակից դարձնել նաեւ իրավաբան-գիտնականներին: Ընդ որում՝ էթիկայի հանձնաժողովի ձեւավորման կարգում գերակայությունը տրվել է հենց իրավաբան-գիտնականներին: Օրինագծի համաձայն՝ էթիկայի հանձնաժողովի 7 անդամներից 3-ին նշանակելու է ՀՀ գլխավոր դատախազը, իսկ 4 իրավաբան-գիտնականներին՝ ՀՀ նախագահը:
Տեղեկացնելով, որ անցած տարիներին ՀՀ դատախազության 102 աշխատակից հեռացվել է համակարգից՝ ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ փոխվել է աշխատակիցների ընդունման կարգը: Ճիշտ է, գործող օրենսդրությամբ ՀՀ գլխավոր դատախազի մենաշնորհն է կադրային քաղաքականության իրականացումը, սակայն ՀՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանափակվել է վերջինիս իրավունքները՝ ստեղծելով ատեստացիոն հանձնաժողով, որի դրական եզրակացության դեպքում միայն անձը կարող է ներկայացվել նշանակման: Ընդ որում՝ այս ատեստացիոն հանձնաժողովի կազմում նույնպես, ՀՀ գլխավոր դատախազի հրամանի համաձայն, ընդգրկվել են իրավաբան-գիտնականներ՝ հանձնաժողովի առավել անաչառ գործունեությունն ապահովելու նպատակով:
ԵԽ փորձագետ Մ.Տրիվունովիցը կարեւորելով կատարված աշխատանքը՝ հետաքրքրվեց «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ դատախազության դիրքորոշմամբ: ՀՀ գլխավոր դատախազը հավաստեց, որ դատախազությունն ընդհանուր գծերով դրական է վերաբերվում օրինագծին, բայցեւ փաստեց, որ այն չի կարգավորում բոլոր հարցերը:
Հյուրերը հավաստեցին, որ պաշտոնական Երեւանի կողմից համապատասխան հարցման դեպքում, պատրաստակամ են ցուցաբերել փորձագիտական աջակցություն: