Հաղորդագրություններ

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա բարեփոխումների դրական ազդեցությունը. գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է ԵՄ/ԵԽ ծրագրերի փակման համաժողովին

փետրվարի 21, 2023

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն այսօր մասնակցել է ԵՄ/ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրերի փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին:

 

Ծրագրի նպատակը Հայաստանում դատական իշխանության անկախության, իրավական ընթացակարգերի արդյունավետության ու արդարադատության մատչելիության ամրապնդումն է, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին իրավական աջակցության տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում հաշտարարության և արբիտրաժային վճիռների կատամանը խթանումը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին համահունչ:

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ սահմանադրական դատարանի փոխնագահ Վահե Գրիգորյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման, Քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի նախկին ղեկավար Հրայր Ղուկասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Լորենա Բախմայեր-Վինթերը, այլք:

 

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը` արդարադատության համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային անվտանգության ոլորտների կատարելագործման բնագավառում:

 

Իր ելույթում Անահիտ Մանասյանը կարևորել է քրեական և քրեադատավարական օրենսդրությունների և դրանց իրացման պրակտիկայի կատարելագործման բնագավառում համատեղ իրականացված բարեփոխումները: Գլխավոր դատախազի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է այս ոլորտում դատախազների վերապատրաստման նշանակությունը և այդ ոլորտում Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը:

 

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին իրականացված և ընթացիկ ծրագրերի համար և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա բարեփոխումների դրական ազդեցությունը: