Ստորագրվեց համագործակցության նամակ-համաձայնագրում լրացում կատարելու մասին 13-րդ արձանագրությունը
սեպտեմբերի 07, 2011
2011թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին համաձայնագիրը: Համաձայն սույն 13-րդ փոփոխության ԱՄՆ Կառավարությունը մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադր Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Այս նամակ-hամաձայնագիրը և դրանով սահմանված պարտավորությունները ԱՄՆ և Հայաստանի միջև եղած շարունակական և հաջող համագործակցության վառ ապացույցն են: Ֆինանսավորումը, որը տրամադրվում է սույն hամաձայնագրով կծառայի Հայաստանի քաղաքացիների շահերին` շարունակելով աջակցել ՀՀ Կառավարությանը առավել արդյունավետ կերպով պայքարել անդրազգային այնպիսի հանցագործությունների դեմ, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, թմրամիջոցների անօրինական շրջանառությունը և փողերի լվացումը: Իրականացվող ծրագրերը նաև կնպաստեն Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին:
Այս ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից են մարդկանց թրաֆիքինգի զոհերի աջակցության, քրեափորձագիտական ինստիտուտի զարգացման, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի փողերի լվացման դեմ ուղված կարողությունների զարգացման, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման և Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագրերը:
2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան տասնվեց միլիոն ԱՄՆ դոլար: