Աշոտ Վարդանյանի եւ Ստեփան Վարդանյանի սպանությունները բացահայտվել են
հուլիսի 18, 2007
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի մոտ հուլիսի 11-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ա.Երիցյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2004 թվականի հոկտեմբերի 5-ին Էդուարդ Նիկողոսյանի անհետանալու, 2006 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած Աշոտ Վարդանյանի սպանության, 2006 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած խուլիգանության, որի ընթացքում Արթուր Վարդանյանը իր մոտ գտնվող զենքից կրակել եւ ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր պատճառել Արմեն Հակոբյանին, 2007 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության եւ 2007 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցած Արտավազդ Վարդանյանի, Վարդան Մելիքյանի, Գրիգոր Ստեփանյանի սպանությունների առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը, ձեռք բերված ապացույցները:
Քննարկման արդյունքներով, ելնելով նշված հանցագործությունների բացահայտման եւ բազմակողմանի, ամբողջական քննություն կատարելու շահերից, որոշվել է նշված քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ դրա նախաքննության իրականացումը հանձնարարել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությանը:
Վերը թվարկված սպանություններից երկուսը՝ Աշոտ Վարդանյանի եւ Ստեփան Վարդանյանի սպանությունները բացահայտվել են: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Վարդանյանի սպանությունը կատարելու համար Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համանքների դատախազության կողմից որպես մեղադրյալ է ներգրավվել Հայկ Կարապետյանը, իսկ Ստեփան Վարդանյանի սպանությունը կատարելու համար՝ Շենգավիթ համայնքի դատախազության կողմից Հայկ Բենիկյանը եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշված բոլոր քրեական գործերը 17.07.07թ. ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն, որտեղ դրանք միացվել են մեկ վարույթում, նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող խումբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նշված հանցագործությունները բացահայտելու, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: