Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի 2-րդ մասնաշենքի բացման արարողությանը

դեկտեմբերի 08, 2009

2009թ. դեկտեմբերի 8-ին  տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքի բացումը, որը վերանորոգվել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ: Շինության պաշտոնական բացումը կատարեցին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

ԱՄՆ կառավարությունը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում 1.275.000 ԱՄՆ դոլար է ներդրել շենքի վերանորոգումն ավարտելու համար: Վերանորոգման ծրագիրը իրականացվել է ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի կողմից CESCO Ltd. տեղական շինարարական կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրը ներառել է շենքի կոնստրուկցիոն-կառուցվածքային գնահատում, առաջին, երկրորդ և երրորդ հարկերի վերանորոգում, ջրի և էլեկտրականության մատակարարում, հակահրդեհային և հեռախոսակապի համակարգերի տեղադրում: Շենքում տեղադրված է անվտանգության առաջնակարգ համակարգ, որը թույլ է տալիս հսկել մուտքը դեպի լաբորատորիաներ և ապահովել իրեղեն ապացույցների անվտանգ պահպանությունը: Այս լաբորատորիայում կիրականացվեն իրեղեն ապացույցների հետ կապված ժամանակակից փորձաքննություններ քրեական և քաղաքացիական գործերով, որոնք կօգնեն  արդարադատությանը և օրենքի գերակայությանը` ի նպաստ Հայաստանի ժողովրդի: