Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ղեկավարին

հուլիսի 27, 2012

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոնալդ Մանգումին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով  համագործակցությունը հատկապես   դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում:

Ներկայացնելով Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումների նախորդ փուլերը՝ Ա.Հովսեփյանը  նկատել է, որ ուսումնասիրվել են արդյունքները, արձանագրված բացթողումներն ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ միջազգային փորձը, որի հիման վրա մշակվել է բարեփոխումների նոր հայեցակարգը: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է նաեւ, որ դատախազության առաջարկությամբ  ԵԱՀԿ փորձագետ Ջոն Պերսոնն ուսումնասիրել եւ գնահատել է  բարեփոխումները՝ ներկայացնելով առաջարկությունների փաթեթ: Առաջիկայում ԵԱՀԿ-ն պաշտոնապես կներկայացնի փորձագետի եզրակացությունը, որում  ներառված առաջարկությունները եւս կընդգրկվեն դատաիրավական բարեփոխումների՝ 2012-2016թթ. ռազմավարության ծրագրի՝ դատախազությանը վերաբերող բաժնում:

Ռոնալդ Մանգումը, բարձր գնահատելով նախորդ տարիներին ձեւավորված համագործակցության փորձը,  հավաստել է իր պատրաստակամությունը՝ աջակցել ռազմավարության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը: