Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր
նոյեմբերի 07, 2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի հետ ստորագրել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրման արարողությանը հայկական կողմից մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, այլք:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է ներկաներին Հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, ինչպես նաև այլ պետությունների դատախազությունների հետ:
«Այս համագործակցությունը թույլ է տալիս մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև ապահովել առավել արագ և սերտ համագործակցություն մեր օտարերկրյա գործընկերների հետ կոնկրետ քրեական գործերի շրջանակներում», - նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու հավելել, որ փաստաթղթի ստորագրումը արդյունք է Հայաստանում 2024 թվականին Մաուրիցիո Բլոկի հետ ձեռք բերված պայմանավորվածության:
«Հուշագրի նպատակը զինվորական գործերով քրեական հետապնդման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով Հայաստանի Հանրապետության դատախազության և Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև արդյունավետ համագործակցության շրջանակի ընդլայնումն է: Այս Հուշագրի ստորագրմամբ մենք ավելի ենք ամրապնդում մեր արդեն իսկ ձևավորված համագործակցությունը և հանձն ենք առնում առավել թիրախային և բազմակողմ համագործակցություն իրականացնել ապագայում», - ընդգծել է Աննա Վարդապետյանը:
Հուշագրով ամրագրված համագործակցության ոլորտները ընդգրկուն են: Դրանք, ի թիվս այլնի, ներառում են իրավական ակտերի և պրակտիկ գործունության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն ու փոխանակումը: