Հաղորդագրություններ

Մ.Սարգսյանն ընդունել է ԻԻՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարին

դեկտեմբերի 27, 2007

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի տեղակալ Սեյեդ Ռեզա Հաշեմիին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԻԻՀ քաղաքացի Հուսեին Ռեզափուր Սանիի սպանությանը, նախաքննության արդյունքներին: Մ.Սարգսյանը տեղեկացրել է, որ սպանության դեպքի առթիվ 26.12.07թ. ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորյալ սպանության եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակության նպատակով ավազակության հատկանիշներով եւ որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Ս.Ռ.Հաշեմին, բարձր գնահատելով երկու ժողովրդների բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները, հույս է հայտնել, որ Հայաստանի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար եւ պատրաստակամություն հայտնել աջակցել քննությանը:

Մ.Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ հանձնարարություն է տվել ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ որոնողական աշխատանքները վկաներ հայտնաբերելու, հանցագործների ինքնությունը բացահայտելու եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վստահեցրել է, որ իրանական կողմը տեղյակ կպահվի քննության ընթացքի մասին: