Խնդրում ենք հայտնել իրավապահներին
մարտի 21, 2008
Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցների շարքերում շրջանառվել են սադրիչ լուրեր՝ նպատակ հետապնդելով բորբոքել ցուցարարներին եւ նրանց մեջ ատելություն սերմանել ոստիկանների նկատմամբ: Նման սադրիչ լուրերից մեկն էլ եղել է այն, թե իբր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանությունը սպանել է 12-ամյա մի երեխայի, ինչը դարձել է որոշ ցուցարարների կողմից ոստիկաննների նկատմամբ բռնի գործողությունների դիմելու ազդակներից մեկը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 12-ամյա երեխայի սպանության մասին ակնհայտ կեղծ լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ, տարածել է մի կին` հանրահավաքի կազմակերպիչների նախաձեռնությամբ և դրդմամբ նշված տարածքում թափված աղբի միջից վերցնելով երեխայի մի կոշիկ: Ականատեսների վկայությամբ՝ ստահոդ լուրի հեղինակը նկարում պատկերված կինն է:
Քրեական գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննչական մարմինը միջոցներ է ձեռնարկում հիշատակված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր կճանաչեն լուսանկարում պատկերված տիկնոջը, այդ մասին տեղեկացնեն քննչական մարմնին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 52-12-51, 56- 37- 86, կամ դիմեն մոտակա ոստիկանության բաժանմունք: