Հաղորդագրություններ

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

մայիսի 31, 2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

 

Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

 

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան և ընդգծել, որ համագործակցությունը զարգացնելուն ուղղված մեծ ներուժ կա եղբայրական պետությունների դատախազությունների միջև:

 

Աննա Վարդապետյանը շնորհավորել է վրաց գործընկերոջը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար:

 

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը և ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը և գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին և քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու և ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են՝ կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է ընդհանուր «թշնամու»՝ հանցավորության դեմ պայքարում համագործակցված աշխատանքի և ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը: